Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ մի շարք ծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ՀՀ վարչապետի  հուշամեդալներով և  արժեքավոր նվերով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։

Վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին և բոլոր ծառայողներին՝ մասնագիտական օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել բոլորին կատարած աշխատանքի համար:  Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Քննչական կոմիտեում, ինչպես նաև բոլոր մնացած ոլորտներում առկա է մեթոդաբանական  խնդիր, այն է՝ հասնել իդեալական վիճակի: Ըստ վարչապետի՝ այս մեթոդաբանության  մեջ որոշ բաներ պետք է փոխվեն, քանի որ այդ իդեալի ձգտման ճանապարհին մեծ է հիասթափության և հուսահատության հավանականությունը: «Մենք պետք է բալանսավորենք, հասկանանք, որ, այնուամենայնիվ, ինչքան էլ իդեալի ձգտենք, նախ պետք է հասկանանք, որ չենք հասնելու դրան: Մեզ պետք է աշխատել հստակ, կանոնակարգված և արդյունավետության բարձրացման՝ շարունակական արդյունավետության բարձրացման վրա։ Ինձ թվում է՝ իդեալը կամ իդեալի պատկերացումը դա է, որ մենք ամեն հաջորդ փուլի պետք է արձանագրենք, որ ավելի արդյունավետ ենք աշխատում, ավելի արդյունավետ ենք հանցագործությունները բացահայտում, ավելի արդյունավետ ենք կանխում և նախականխում հանցագործությունները»,-ասել է երկրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն արդյունավետ աշխատանքի առումով կարևորել է  պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտությունը և նշել, որ նաև պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալիզմ: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է արժեքային, բարոյական համակարգը,  խիզախությունը. «Կադրային քաղաքականության առումով կրթությունը, այո՛, շատ կարևոր է, սակայն իրականում կարծում եմ, որ խիզախությունն էլ կրթության հարց է, որովհետև խիզախությունը գալիս է նաև նրանից, թե մարդը, այնուամենայնիվ,  հասկանո՞ւմ է ինչով  է զբաղված ինքը: Բարոյականությունն էլ, իմ կարծիքով, կրթության հետ կապ ունեցող որոշակի բան է»:

Վարչապետը նշել է, որ իրավապահ մարմինների մեծագույն խնդիրը պետք է լինի ոչ միայն հանցագործությունների բացահայտումը, այլև կանխումն ու նախականխումը: «Այն, որ Քննչական կոմիտեն շատ կարևոր ինստիտուցիոնալ դերակատարում ունի Հայաստանի պետական, հանրային անվտանգության, իրավակարգի պաշտպանության առումով, իհարկե, դա ակնհայտ փաստ է: Ըստ էության, քննչական համակարգի բարեփոխումները մենք ավարտել ենք, հիմա ունենք երկու քննչական մարմին և արդեն երկրորդ տարին է, որ մենք այս համակարգով ենք աշխատում: Հիմա պետք է հետևենք, նաև ընթացքը հասկանանք: Հույս ունեմ՝ պտուղները քաղելու ժամանակ  կգա, չնայած պետք է ասել, որ ընդհանուր առմամբ, իհարկե, տպավորությունները դրական են»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Երկրի ղեկավարը նաև նշել է, որ  պետք է ունենալ բավարար խիզախություն՝ գնալ և առերեսվել, այդ թվում՝ պետական համակարգերի կատարած աշխատանքի  թերությունների հետ. «Սրանով առավելությունները, իմ կարծիքով, ավելի կընդգծվեն: Մենք պետք է թերություններն էլ ընդգծենք, և շնորհակալ եմ, որ Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձավ, որպեսզի հանրության շրջանում չստացվի տպավորություն, թե Կառավարությունը, Քննչական կոմիտեն գոհ են իրականությունից: Ո՛չ, մենք բոլոր պրոբլեմները գիտենք»:

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհավորել և շնորհակալություն է հայտնել ներկաններին, նրանց ընտանիքի անդամներին:

Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ մի շարք ծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ՀՀ վարչապետի  հուշամեդալներով և  արժեքավոր նվերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել