ՆԳՆ-ն հանրային քննարկման է դրել Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նածագիծը

Iravaban.net-ը տեղեկացնում է՝ իրավական ակտերի հրապարակման էլեկտրոնային հարթակում սեպտեմբերի 18-ին հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ յուրաքանչյուր դատավորի տրամադրվում է աշխատանքային օրակարգի պատուհան, որտեղ լրացվում է յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում դատավորի պարտականությունների ժամանակացույցը, ներառյալ՝ դատական նիստերի, վերապատրաստումների, այլ աշխատանքի կատարման ժամերը։ Աշխատանքային օրակարգի պատուհանները պետք է ստեղծվեն միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ յուրաքանչյուր դատավորի աշխատանքային օրակարգը պետք է հրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքում՝ շաբաթական կամ ամսական կտրվածքով։

Ներքին գործերի նախարարությունը աառաջարկում է իրականացնել հետևյալ փոփոխությունները․

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածում՝

       1) վերնագրում «և էլեկտրոնային ստորագրությունը» բառերը փոխարինել «, էլեկտրոնային ստորագրությունը և աշխատանքային օրակարգը» բառերով.

      2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ մասերով.

   «9. Յուրաքանչյուր դատավոր ունի աշխատանքային օրակարգի պատուհան, որտեղ լրացվում է յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում դատավորի պարտականությունների  ժամանակացույցը, ներառյալ՝ դատական նիստերի, վերապատրաստումների, այլ աշխատանքի կատարման ժամերը։

  1.  Դատարանների գործունեության թափանցիկությունը և հանրության առջև հաշվետվողականությունն ապահովելու նպատակով դատավորների աշխատանքային օրակարգը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում։ Դատավորների աշխատանքային օրակարգի կառուցվածքը, օրակարգում ներառվող տեղեկատվության ցանկը, դրա հրապարակման կարգը և ժամկետները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը»։

Նախագծի ընդունման՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության հիմնավորման մեջ նշվում է,- «․․․Համաշխարհային բանկի՝ «Հայաստան. Աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Հայացք ապագային» ուսումնասիրության (այսուհետ՝ Ուսումնասիրություն) համաձայն՝ վերջին ժամանակաշրջանում Հայաստանում դատարանները գործերի ծանրաբեռնվածության զգալի աճ են գրանցում, և համակարգը պայքարում է պահանջարկը բավարարելու ուղղությամբ։ Ուսումնասիրության համաձայն՝ չնայած այն հանգամանքին, որ գործերի լուծումը հետևողականորեն աճել է, քիչ դատարանների է հաջողվել հասնել կատարման ցանկալի ցուցանիշներին։ Քանի որ գործերի ծավալները մեծանում են, և կատարման տոկոսները (միջինում) 100-ից ցածր են, Հայաստանում դատարանները բախվում են իրենց ընդհանուր առկախ գործերի քանակի ավելացմանը կամ 35%-ով աճին։ Ըստ այդմ, Ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ դատարանները բախվում են քննարկման սպասող գործերի ընդհանուր հարաճուն քանակի խնդրին։

Այս փաստը հաստատվում է նաև 2025 թվականի դրությամբ քննվող գործերի վիճակագրության ուսումնասիրմամբ։ Այսպես, Դատական դեպարտամենտի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում առաջին ատյանի դատարաններում ստացվել են 22122 գործեր։ Նույն ժամանակահատվածում ավարտվել է 17725 գործ։ Ըստ այդմ, 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում առաջին ատյանի դատարանների կատարման ցուցանիշը կազմել է մոտ 80,1%։

Միաժամանակ, նման կատարման ցուցանիշը պայմանավորված է տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ դատարաններում գործերի քննության արդյունավետության և ժամանակի կառավարման հետ կապված մարտահրավերներով։ Այսպես, Ուսումնասիրության համաձայն՝ այն դատարանները, որոնք ցույց են տալիս յուրաքանչյուր գործող դատավորի ցածր արտադրողականության մակարդակ, մեկ դատավորի հաշվով ավելի քիչ գործեր են ստանում, մինչդեռ այն դատարանները, որոնք մեկ դատավորի հաշվով ավելի շատ գործեր են ստանում, նաև ավելի շատ գործեր են ավարտում։ Սա ցույց է տալիս, որ առկա դատավորների գործադրած ջանքերը համաչափ են պահանջներին (այսինքն՝ դատավորներն աշխատում են ավելի քրտնաջան, ավելի երկար կամ ավելի արդյունավետ՝ ըստ անհրաժեշտության)։

Վերոգրյալից ելնելով՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ ջանքեր՝ ուղղված ինչպես դատարաններում ժամանակի կառավարման արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ դատավորների ամենօրյա զբաղվածության առնչությամբ թափանցիկության բարձրացմանը՝ նպաստելով հանրային հաշվետվողականությանն ու ավելի արդյունավետ վերահսկմանը»։

Նախագիծը դեռևս չունի կողմ ձայներ, այն հանրային քննարկման համար բաց կլինի մինչև 2025 թվականի հոկտեմբերի 3-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել