Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության և Սուրբ Աթոռի Քրիստոնեական միության խթանման բաժնի նախագահ կարդինալ Կուրտ Քոխի ուղեկցությամբ Վատիկանից մեկնեց Կաստել Գանդոլֆոյի առաքելական պալատ, ուր հանդիպում ունեցավ Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ։
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Եղբայրական ողջագուրումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովվապետերն ունեցան առանձնազրույց։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր սրտագին շնորհավորանքները բերեց Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալին ընտրության, ինչպես նաև ծննդյան 70-ամյա նշանակալի հոբելյանի առիթով՝ հայցելով, որ Երկնավոր Տերը ուժ և կարողություն շնորհի նրան և առատ պտուղներով արդյունավորի Նորին Սրբության հովվապետությունը Աստծո փառքի և մարդկության խաղաղ ու բարօր կյանքի համար:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ, որ երկու Եկեղեցիների միջև եղբայրական կապերն ամրապնդվել են շնորհառատ հանդիպումների և հավատքի համատեղ վկայությունների միջոցով՝ հիշելով երջանկահիշատակ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի այցելությունը Հայաստան 2001 թվականին, ապա 2016 թվականին երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապին Սուրբ Էջմիածնում հյուրընկալելու բարեպատեհ առիթը «այց առաջին քրիստոնյա երկիր» խորագրով ուխտագնացության կապակցությամբ: Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխհարաբերությունների հիշարժան հանգրվաններից Նորին Սրբությունը նկատեց 2015 թվականին Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված սրբազան Պատարագը և Հայոց Եկեղեցու մեծագույն սրբերից Գրիգոր Նարեկացու հռչակումը որպես Տիեզերական Եկեղեցու վարդապետ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ երկու Եկեղեցիների հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն եղբայրական ոգով ու ջերմությամբ՝ արդյունավորվելով նորանոր բարի համատեղ իրագործումներով։
Զրույցի ընթացքում երկու Հովվապետերն անդրադարձան աշխարհում տեղ գտնող արհավիրքներին ու մտահոգիչ զարգացումներին, Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու դիմագրավվող փորձություններին։ Հռոմի Սրբազան Քահանայապետի ուշադրությանը հանձնվեցին նաև իրենց նախնիների բնօրրանից՝ Արցախից, տեղահանված արցախահայության հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների և պատանդառվածների ազատ արձակման հրամայականը։
Հովվապետերը կարևորեցին Եկեղեցիների առաքելությունը աշխարհում արդարության ու խաղաղության հաստատման, ժողովուրդների համերաշխ գոյակցության ապահովման գործում՝ հավատարիմ տերունավանդ կոչման՝ առատացնելու մարդկանց սրտերում հավատը, հույսը և սերը։ Ընդգծվեց անհրաժեշտությունը միավորելու Եկեղեցիների ջանքերը հանուն Ավետարանի լույսի տարածման, մարդկանց իրավունքների պաշտպանության և բարօր ու ապահով աշխարհի կերտման։
Վերջում Նորին Սրբությունը Լևոն 14-րդ Պապին հրավեր ուղղեց այցելելու Հայաստան։
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամները ստացան Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնությունը։ Տեղի ունեցավ նվերների փոխանակում։
Վատիկան այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եղավ նաև Հռոմի Սուրբ Մարիամ բազիլիկում, ուր երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի շիրիմի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված վախճանյալ Քահանայապետի հոգու հանգստության համար։