Սեյրան Օհանյանը դատական նիստին չէր ներկայացել․ պատճառն առողջական վիճակն է

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ հունիսի 17-ին, շարունակվեց «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստերի քարտուղարը հայտնեց, որ մեղադրյալ Սեյրան Օհանյանը առողջական խնդիրներով պայմանավորված չի ներկայացել դատարան, միջնորդությամբ խնդրել են նրա բացակայությունը հարգելի համարել։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը ևս ներկայացրել էր գրություն՝ հայտնելով, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավարությանը մասնակցում է Քոչարյանի մյուս պաշտպան Արամ Վարդևանյանը, կարող են իր բացակայությամբ նիստը շարունակել։

Հանրային մեղադրող, դատախազ Հայկ Հարությունյանը առաջին միջնորդության վերաբերյալ հայտնեց՝ այն ընդունելի չէ՝ հաշվի առնելով, որ դատական նիստերը նախապես են համաձայնեցվում և ներկայացված պատճառաբանությունները հիմնավոր չեն։

Սեյրան Օհանյանի չներկայանալու առնչությամբ հայտնեց՝ եթե առկա է անաշխատունակության թերթիկ, պետք է հարգելի համարվի, իսկ մեղադրյալի չներկայանալն արդեն իսկ նիստի հետաձգման առիթ է։

Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց՝ նիստին պետք է որոշակի անդրադարձ կատարվի Օհանյանի առողջական վիճակի հարցին՝ պահպանելով բժշկական գաղտնիքը, սակայն նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը նշեց, որ բժշկական գաղտնիքի հետ կապված որևէ նշում միջնորդության մեջ չկա։

Դատարան միջնորդություն էր ներկայացրել նաև Արմեն Գևորգյանը, վերջինիս պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց այն քննարկել դռնփակ ռեժիմով։

Նիստն այդպիսով ընդմիջվեց, ու դեռ չի վերսկսվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել