Դատապարտվել է 14 տարվա ազատազրկման

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել խարդախության, վարկը ոչ նպատակին օգտագործելու, փաստաթղթեր կեղծելու եւ պետական սահմանն ապօրինի հատելու համար քաղաքացի Ա. Ալեքսանյանին  առաջադրված մեղադրանքները եւ նրան դատապարտել երկարատեւ ազատազրկման:
ՀՀ դատախազության փոխանցմամբ` դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` քաղաքացի Ա. Ալեքսանյանը Ջերմուկ քաղաքում գտնվող «Արա Գեղեցիկ եւ Արամ» ՍՊ ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Արեւշատ Արսենյանի հետ պայմանագիր է կնքել` ընկերության 60 տոկոս բաժնեմասը ձեռք բերելու վերաբերյալ, եւ այն իր անվամբ հաշվառել  պետական ռեգիստրում:
Այնուհետեւ կեղծ փաստաթղթերի, այն է` ընկերության ընդհանուր ժողովի արձանագրության, ընկերության գույքի ընդունման  եւ հանձնման ակտի, երաշխավորության պայմանագրերի պատրաստմամբ եւ օգտագործմամբ, Արեւշատ եւ Արամ Արսենյանների ստորագրությունները կեղծելու միջոցով ընկերության` նշված բաժնեմասը, ընկերության մյուս հիմնադիր Արամ Արսենյանի բաժնեմասն ու Արեւշատ Արսենյանին սեփականության իրավունքով պատկանող, Ջերմուկ քաղաքում գտնվող հանքային ջրերի շշալցման արտադրամասը եւ հողամասը գրավադրել  է բանկում:
Ա. Արսենյանին չվճարելով  նրա գույքի պայմանավորված արժեքը` 24 000 000 դրամը, 2007թ. դեկտեմբեր ամսին ՓԲ ընկերության  եւ «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ» միջազգային կազմակերպության միջեւ 2007թ. օգոստոսին կնքված պայմանագրի համաձայն` Ա. Ալեքսանյանը բանկից ստացել է 15 150 500 դրամ, որով մարել է քաղաքացի  Ա. Արամյանին` դեռեւս 2005 թվականից ունեցած պարտքը:
Բացի այդ Ա. Ալեքսանյանը 2008թ. մարտի 8-ի լույս 9-ի գիշերն ապօրինի հատել է  ՀՀ Բավրայի անցակետը, գնացել Վրաստան, իսկ 2008թ. սեպտեմբերի 16-ին կրկին ապօրինի հատելով ՀՀ սահմանը` վերադարձել:
2008թ. նոյեմբեր ամսին Ա. Ալեքսանյանը, չարաշահելով «Տիգրան» ՍՊ ընկերության տնօրինության վստահությունը, առուվաճառքի պայմանագրի կնքմամբ ստացել է Ա. Առաքելյանին պատկանող թխվածքաբլիթի, իրիսի եւ կարամելի արտադրության հոսքագծերն ու ընկերությանը պատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենաները` չվճարելով հիշյալ գույքի պայմանավորված արժեքը` ընդհանուր առմամբ 62 493 475 դրամը: Ավտոմեքենաների եւ սարքավորումների մի մասը Ա. Ալեքսանյանը վաճառել եւ գոյացած գումարը ծախսել է իր կարիքների համար:
Բացի այդ, Ա. Ալեքսանյանը, ներկայանալով որպես գործարար, ՍՊ ընկերությունների հիմնադիր եւ տնօրեն, թռչնաֆաբրիկայի, քաղցրավենիքի արտադրության եւ հանքային ջրերի շշալցման արտադրամասերի տեր, որպես իր ունեցվածք ցուցադրել է նշվածները եւ իրեն չպատկանող թանկարժեք ավտոմեքենաներ, վստահեցրել է, թե ցանկանում է բանկերից ստանալ խոշոր չափի վարկ, ինչի համար պետք  է գույքը գրավադնի:
Այս նպատակով թվով 13 անձանց առաջարկել է առուվաճառքի եւ փոխառության պայմանագրերի կնքմամբ վաճառել իրենց ավտոմեքենաները` խոստանալով վարկն ստանալուց հետո` 5-ից 30 օրվա ընթացքում, վճարել ավտոմեքենաների արժեքը: Ձեռք բերելով հիշյալ անձանց վստահությունը` Ա. Ալեքսանյանը նոտարական գրասենյակներում կնքել է առուվաճառքի պայմանագրեր, որից հետո վերցրել է ավտոմեքենաներն ու չվճարելով դրանց արժեքը` կարճ ժամանակ անց դրանք վաճառել է կամ գրավադրել: Ստացված գումարներն Ա. Ալեքսանյանը ծախսել է իր հայեցողությամբ:
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թ. հունիսի 19-ի դատավճռով Ա. Ալեքսանյանը մեղավոր է ճանաչվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 191-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին եւ 329-րդ հոդվածի 1-ին մասերով եւ դատապարտել ազատազրկման`  14 տարի ժամկետով` 40 000 000 դրամի չափով գույքի բռնագրավմամբ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության  օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել