Մետաքսյա Ս․-ն 2024 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 22:00-ից մինչև 22:30-ը ընկած սահմաններում, գտնվելով իր և ամուսնու կողմից վարձակալած բնակարանում վիճել է ամուսնու հետ։ Վիճաբանության պատճառն այն է եղել, որ ամուսինը կնոջը մեղադրել է դավաճանելու և անհավատարմության համար։
Կինը հրել է ամուսնուն՝ Գ. Ն.-ին, վերջինիս վայր է ընկել, որից հետո Մետաքսյա Ս․-ն վերցրել է հյուրասենյակում դրված աթոռը և դիտավորությամբ հարվածներ հասցրել Գ. Ն.-ի մարմնի տարբեր հատվածներին՝ այդ կերպ Գ. Ն.-ին պատճառելով գլխի՝ ձախից պարանոցի և աջ վերին վերջույթի շրջանների քերծվածքների ձևերով՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեսք» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել մարտի 11-ին և մակագրվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Սաֆարյանին։
Մետաքսյա Ս․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով։ Այն է՝ արվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։
ՔՕ 476-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Այն է՝ սուտ մատնությունը` իրավասու մարմնին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը, որը զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույց ստեղծելով։
Մետաքսյա Ս․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: