Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի հրավերով, այսօր Ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտի կուրսանտների համար Վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը՝ ՀՀ զինված ուժերում» թեմայով: Այս մասին հայտնում են դատախազությունից։
Կուրսանտների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված Վարպետաց դասի շրջանակներում հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձել է Զինված ուժերում հրամանատարական առաջնորդության, զինվորական կարգապահության, միջանձնային կոնֆլիկտների պատճառների բացահայտման ու դրանց լուծման, քրեածին տարրերի «գրավչության» նվազեցման, բանակում հանցագործությունների կանխարգելման համար անհրաժեշտ ոչ ստանդարտ լուծումների, բարեվարքության և շարունակական ինքնակատարելագործման հարցերին: «Որպես ապագա հրամանատարներ՝ Ձեր ընտրությունն է լինել օրենքի դաշտում գործող առաջնորդ, ով ունի մասնագիտական բարձր պատրաստվածություն, արդար է ու օրինակելի, թե՞ լինել հանրային իշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորող և դրա համար վաղ թե ուշ պատժի ենթարկվող որևէ խմբի կամակատար»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը: