«Եթե թշնամու կողմից խախտվում են անգամ մեկ հայի իրավունք ու արժանապատվություն, խախտվում են ամբողջ ազգի իրավունքն ու արժանապատվությունը․ Տարոն Սիմոնյան

Վաղվանից՝ հունվարի 17-ից, ագրեսիա, ցեղասպանություն, մարդկության դեմ ու պատերազմական հանցագործություններ կատարած Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը սկսում է հայ ժողովրդի կյանքի և ինքնորոշման իրավունքի համար պայքարած Արցախի ղեկավարների բեմադրած դատավարություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագետ Տարոն Սիմոնյանը։

«Սրանով Բաքվի խանը ոչ միայն աշխարհի աչքի առջև ոտնձգություն է կատարում միջազգային իրավունքի, ողջախոհության, բարոյականության, արդարության ու արդարադատության նկատմամբ, ոչ միայն իր արյունոտ ձեռքերով ցանկանում է խեղդել Արցախի և հայ ժողովրդի համար պայքարած մարդկանց, ոչ միայն ցանկանում է ցուցադրել սեփական անպատժելիությունը, այլև նվաստացնում է մի ամբողջ հայ ժողովրդի արժանապատվությունը։

Ակնհայտ չարիքին՝ Բաքվի հանցագործներին, նման հնարավորություն տալու մեջ, բնականաբար, նախ մեղավոր ենք մենք՝ որպես պետականություն ունեցող մի ժողովուրդ, որ ամեն ինչ արեց, որ իրեն ներկայացնեն ամենանվազ բարոյական արժեքներ ու տգիտություն քարոզող մարդիկ, հետո նոր՝ միջազգային հանրություն կոչվող ամորֆ երևույթը։

Շատերը դեռ տաք են ու չեն պատկերացնում հայ ազգին պատճառված նյութական ու, որ ամենակարևորն է՝ հոգեբանական վնասի աննկարագրելի ահռելի չափսերը, բայց հավաստիացնում եմ՝ այդ վնասների վերականգնման համար բավարար չի լինելու անգամ մեկ ամբողջ սերնդի լիակատար ու ամենօրյա հայրենանվիրում։

Տեղյակ լինելով առնվազն Ռուբեն Վարդանյանի գործին, ով ընտանիքի միջոցով արդեն հանդես եկավ հայտարարությամբ (https://www.facebook.com/photo?fbid=1129853552131529&set=a.729834028800152)` կարող եմ միանշանակորեն պնդել, որ ակնհայտ ու կոպիտ ձևով խախտվել են ոչ միայն միջազգային կոնվենցիոնալ իրավունքի, սովորութային իրավունքի և քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված սկզբունքների նորմերը, այլ նաև հենց ադրբեջանական ներքին օրենսդրությունը։

Ապօրինի ձերբակալությունից հետո անգամ չի պահպանվել ընթացակարգային ոչ մի կանոն, կալանքի ընթացքում տեղի են ունեցել խոշտանգումներ, կեղծվել են ստորագրությունները, թույլ չի տրվել անգամ ծանոթանալ մեղադրանքին և այլն։

Այս ամենը արձանագրվել է ոչ միայն միջազգային փաստաբանական թիմի կողմից, այլ նաև առանձին միջազգային կազմակերպությունների հայտարարություններում, հուսով եմ՝ շուտով նաև ՄԱԿ-ի առանձին կոմիտեներում ու աշխատանքային խմբերում, ինչպես նաև ՄԻԵԴ-ում, եթե, իհարկե, հայկական այսօրվա իշխանությունների կողմից խոչընդոտներ չլինեն։

Այդուհանդերձ, իրավունք չունենք թևաթափ լինել անարդարության այս խրախճանքից։ Անհրաժեշտ է ամուր մնալ հոգով ու աշխատանքով, բարոյականության ու իրավունքի նկատմամբ անմնացորդ նվիրումով ու այս ամենն ուժով պաշտպանելու միասնական կամքով ու հավատքով։
Եվ ի վերջո, մենք պիտի նվիրվենք այն համոզումին, որ հասնելու ենք այս և մյուս գործերով արժանապատվության ու ազգային իրավունքների վերականգնման , որովհետև եթե թշնամու կողմից խախտվում են անգամ մեկ հայի իրավունք ու արժանապատվություն, խախտվում են ամբողջ ազգի իրավունքն ու արժանապատվությունը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել