Նիկոլ Փաշինյանը դասասենյակի անվանակոչման համար խիստ նկատողություն արեց Շիրակի մարզպետին և ԶՈՒ ԳՇ պաշտոնյային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի դպրոցում ԶՈՒ բարձրաստիճան զինվորականի անունով դասասենյակ անվանակոչելու համար խիստ նկատողություններ արեց: Վարչապետը նշեց՝ նախորդ շաբաթ հաղորդագրություն է տարածվել, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում դպրոցներից մեկում դասասենյակ է անվանակոչվել ՀՀ ԶՈՒ-ում զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով:

«Տեղի է ունեցել մի գործընթաց՝ բարձրաստիճան զինվորականի մասնակցությամբ, որից պաշտպանության նախարարը տեղյակ չէ, ԳՇ պետը տեղյակ չէ, գործընթացը տեղի է ունեցել դպրոցում, ԿԳՄՍ նախարարը տեղյակ չէ, տեղի է ունեցել մարզպետի մասնակցությամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը տեղյակ չէ:  Սա տեղի է ունենում մի պայմաններում, երբ տասնյակ անգամ խոսել եմ, ԿԳՄՍ նախարարը ևս խոսել է այն մասին, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի, պետք է բովանդակություն տրվի միայն կառավարության սահմանած ստանդարտների համապատասխան: Ես ԿԳՄՍ նախարարին հանձնարարել եմ, որ այդ թվում դե յուրե միջոցներով չեղարկվի այդ որոշումը, որովհետև Հայաստանում կան տասնյակ գեներալներ, տարբեր գյուղերում ծնված ու մեծացած տասնյակ նշանավոր մարդիկ: Հիմա էլ դպրոցները դարձնում ենք մրցակցության առարկա, թե որ դասասենյակն ում անունով կոչեն՝ այն պայմաններում, երբ դպրոցների անվանակոչության ստանդարտ ենք սահմանել»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը դա անընդունելի մոտեցում համարեց՝ շեշտելով, որ որևէ մեկը հանկարծ չմտածի այդ գործընթացը շարունակելու մասին: Նա խիստ նկատողություն արեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին, նաև Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման վարչության պետ, գեներալ  Սմբատ Գրիգորյանին:

«Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց կա պետություն և կա ապապետություն: Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը, առավել ևս պետական պաշտոնյա, ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի: Հետևանքները կլինեն համապատասխան»,-շեշտեց վարչապետը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հայտնեց, որ Վահրամաբերդի դպրոցի հետ կապված մանկավարժական խորհրդի որոշման մասին տեղեկանալուց հետո նախարարությունը հիշեցրել է գործող կարգը՝ դպրոցների անվանակոչության մասին: Նույն մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ նոյեմբերի 26-ին չեղարկվել է այն:

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ասաց, որ ամբողջությամբ ընդունում է վարչապետի դիտողությունը, և որ անվանակոչումը եղել է գյուղի բնակիչների պահանջով:

Վարչապետը հակադարձեց. «Գյուղի բնակիչներն էլ դարդ չունեի՞ն: Բոլորս գիտենք, թե այդ որոշումները ոնց են կայացվում: Ես մի օր կգնամ Վահրամաբերդ, տեսնեմ, թե այդ ինչ վիճակ եք ստեղծել Վահրամաբերդում, որ բնակիչները ո՛չ խնդիր ունեն, ո՛չ դարդ ու ցավ, իրենց միակ խնդիրը դասարան անվանակոչելն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել