Կարգելվի ձմռանը ոչ ձմեռային անվադողերով երթևեկությունը

Նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններում և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների պայմաններում: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության նոյեմբերի 28-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Հանրապետությունում, ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված, ընդհանուր օգտագործման ճանապարհներին գրանցվում են ՃՏՊ-ներ, որոնց պատճառներից է եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելը:

«Ճանապարհային երթևեկության գործող կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը, ուստի առաջարկում ենք ճանապարհային երթևեկության կանոնների՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկում ավելացնել նոր պայմաններ, որոնց առկայության դեպքում կարգելվի տրանսպորտային միջոցների շահագործումը: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե՝

1. նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն լինի ձմեռային անվադողեր.

2. սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհների պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշակարի մնացորդի բարձրությունը կլինի 4 միլիմետր և դրանից պակաս.

3. ամռան ամիսներին արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակային հակասահքային անվադողեր»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ սա այն որոշումներից է, որ քաղաքացիների մի մասի շրջանում որոշակի դժգոհություն է առաջացնելու, քանի որ կան վարորդներ, որոնք նաև ձմեռը ավտոմեքենաները վարում են ամառային անիվներով:

«Ըստ էության, վարորդների համար մենք որոշակի ծախս ենք նախատեսում, բայց սա այն որոշումներից է, որ պետք է կայացնենք»,- ասաց Փաշինյանը, ապա ներկայացրեց անձնական փորձը՝ հիշելով, որ ընտանիքի անդամների հետ ձյունածածկ ճանապարհին հայտնվել է վթարային իրավիճակում:

«Ծա՞խս է բերելու մարդկանց. այո, ծախս է բերելու: Անվադողերի վաճառքով զբաղվող ընկերությունների գործերը որոշակիորեն լավանալո՞ւ են. այո, լավանալու են: Լինելո՞ւ են շահարկումներ. այո, լինելու են շահարկումներ»,- նկատեց Փաշինյանը և միաժամանակ ընդգծեց՝ պետք է գնալ այս ճանապարհով, քանի որ այլ տարբերակ չկա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ ո՞րն է սանկցիան այս կանոնը խախտելու պարագայում, նախարար Խութադյանը պատասխանեց. «Եթե վարչական իրավախախտում է արձանագրվել տեղում՝ մինչև 5000 դրամի տուգանք, իսկ եթե այդ պատճառով մեքենան հայտնվել է ՃՏՊ-ի մեջ՝ 20 հազար դրամ»:

Մհեր Գրիգորյանն առաջարկեց խստացնել տուգանքի չափը, քանի որ սիմվոլիկ գումարով տուգանելու դեպքում օրենքը չի գործի, նաև առաջարկեց հարցը կապել մեքենաների ապահովագրության գործընթացի հետ:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի դեկտեմբերի 10-ից:

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել