Բարձրագույն դատական խորհուրդը քննարկեց Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ կապված աշխատանքային պարտականությունների խախտման հետ: Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ) այս հարցով միջնորդություն է ներկայացրել Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը։ Միջնորդության համաձայն՝ դատավորը խախտել է դատավարական նորմերը՝ 41 քրեական գործերով դատական ակտերը կողմերին տրամադրելով ուշացումով, որը տևել է 13 օրից մինչև 1 տարի 1 ամիս։
Օրենքը պահանջում է, որ դատական ակտերը հրապարակվելուց հետո հինգ օրվա ընթացքում տրամադրվեն կողմերին, սակայն այս պահանջը չի կատարվել։ Խախտումները հայտնաբերվել են Դատական դեպարտամենտի կողմից, ինչից հետո դատական ակտերը կողմերին տրամադրվել են մեկ օրվա ընթացքում։ Ըստ լիազոր մարմնի գնահատման՝ եթե դեպարտամենտը չնկատեր այս բացթողումները, կողմերը դեռ երկար ժամանակ չէին ստանա իրենց իրավունքը պաշտպանելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Նշվում է, որ դատավոր Բադալյանը չէր համարվում ծանրաբեռնված դատավոր և ստացել էր նույնքան գործեր, որքան իր գործընկերները։ Այդուհանդերձ, գործերի ուշացումը վնասում է դատարանի հեղինակությանը և հարցեր է առաջացնում դատական համակարգի արդյունավետության վերաբերյալ։ Իրավական գնահատման արդյունքում նշվում է, որ խախտումները տեղի են ունեցել անփութության հետևանքով, սակայն դատավորը պարտավոր էր հասկանալ իր գործողությունների հետևանքները։ Այս հիմքով Արդարադատության նախարարությունը միջնորդել է ԲԴԽ-ին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։