«Իմ առօրյա կյանքը դարձրել եմ արվեստ»․ բացվեց նկարիչ Մարկ Միքայելյանի անհատական ցուցահանդեսը

Նոյեմբերի 12-ին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ բացվեց նկարիչ Մարկ Միքայելյանի անհատական ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը։

Մարկ Միքայելյանը Արցախից է, Ստեփանակերտ քաղաքից։ Նկարչությամբ զբաղվում է մանկուց, ասում է՝ իր համար նկարչությամբ զբաղվելու ներշնչանքի աղբյուր են մարդկանց հետ շփումները, աշխարհը տարբեր անկյուններից տեսնելը, ամեն ինչում արվեստ գտնելը։

2020 թվականին քովիդի ժամանակ, երբ  ամեն տեղ սահմանափակումներ էին, որոշել է նկարչության մեջ խորացնել իր հմտությունները, շարունակել նկարել տարբեր թեմաներով։

«Ամբողջությամբ ինքնուս նկարիչ եմ, գիտելիքներս ստացել եմ բաց աղբյուրներից, մարդկանց հետ շփումներից, տարբեր ցուցասրահներ այցելելուց՝ Ռուսաստանում, Հայաստանում։ Յուրաքանչյուր նկար ինձ համար շատ թանկ է, կարևոր է, և ես կդժվարանամ ինչ-որ մի նկար առանձնացնել»,-ասում է նա։

Ոճն անվանում է ինտուիտիվ՝ հաշվի առնելով այն, որ ամենաշատն իրեն հետաքրքրում է մարդու անհատականությունը, այնպիսի թեմաներ է ընտրում, որոնք ազատության, ինքնուրույնության, սեփական ուղին գտնելու տարրեր են պարունակում։

«Փորձում եմ ստեղծել անկեղծ աշխատանքներ, այլ ոչ թե մի բան, որը պոտենցիալ կվաճառվի»,-ասում է Մարկը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր դժվարություն հաղթահարելի է, պետք է միայն սեր և ցանկություն՝ արվեստում ստեղծելու և ունենալու սեփական ոճը։

Այն մարդիկ, որոնց հետաքրքրում է նկարչությունը, նման թեմաներով ստեղծագործելը, կարող են մինչև նոյեմբերի 20-ը՝ ժամը 20։00-ն, այցելել, ծանոթանալ նկարչի հետ, տեսնել նրա նկարները։ Հասցեն՝ Բուզանդ 3/1։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել