Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր՝ նոյեմբերի 8-ին, շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը միջնորդություն ներկայացրեց, առ այն, որ դատարանը թույլ տա, տնային կալանքի տակ գտնով Արմեն Աշոտյանին, հոգևոր խնամակալության շրջանակներում, այցելի Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Նա ներկայացրեց Արշակ սրբազանի գրությունը։
«Պատվարժան դատարան,
«Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու ավանդույթին և կանոնակարգ իրավունքին համապատասխան հոգևորականը քրիստոնյայի համար աղոթում է և իրականացնում հոգևոր խնամակալություն։ Տիար Արմեն Աշոտյանին կալանավորելուց առաջ մինչև 2023 թվականի հուլիս ամիսը այդ նպատակով հաճախ եմ հանդիպել նարն, վերագրյալից ելենոլ և հաշվի առնելով Արմեն Աշոտյանի ցանկությունը, խնդրում եմ թույլատրել հանդիպել նրա հետ»։
Ռուբեն Մելիքյանն ասաց, որ իրենց միջնորդությունը վերաբերում է պարբերական բնույթի է, այլ ոչ թե մեկ անգամյա հանդիպման։
Դատավորի հարցին, թե արդյոք Արմեն Աշոտյանը չի ցանկանում այլ հոգևորականների էլ հանդիպել, Աշտոյանն ասաց, որ ինքը որպես խոստովանահայրը ընտրել է Արշակ Սրբազանին։
«Այլ հոգևորականի հետ հանդիպելու կարիք շատ ունեմ, Վեհափառին կուզենայի տեսնել, մի քանի հարց ունեմ, բայց ոչ հոգևոր քրիստոնեական թեմայով։ Անձնական հավատքի թեմայով ուզում եմ հանդիպել Արշակ Սրբազանի հետ»,-ասաց Արմեն Աշոտյանը։
Հանրային մեղադրողն ասաց, որ չարաշահումներ կլինեն։
«Աշխարհը շուռ չի գա, եթե հանկարծ մերժեք, բայց վստահաբար քրիստոնեության ընկալմանը Հայաստանում ևս մեկ հանրային հարված կհասցվի, եթե «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի սահմանափակումը նույնպես մտնի դատական պրակտիկայի մեջ»,-ասաց Աշոտյանը։
Դատավոր Վահե Դոլմազյանն ասաց, որ առնվազն այս պահի դրությամբ տվյալ անձի հետ կապված որևէ փաստարկ չկա, որ կարող է կապված լինել գործի հանգամանքների հետ։
«Դատարանը գտնում է, որ այս պայմաններում որևէ խոչընդոտ չկա, որպեսզի տնային կալանքի տակ գտնվող Արմեն Աշոտյանին տեսակցի Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Խոչընդոտ չեմ տեսնում, որպեսզի Արմեն Աշոտյանը հյուրընկալի Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին»,-նշեց դատավորը։