Անչափահասները Արմավիրի դպրոցներից մեկում հրդեհ են առաջացրել

Անչափահասներ Սամվել Ա․-ն և Սարգիս Ա․-ն մուտք են գործել Արմավիր քաղաքի դպրոցներից մեկը և փոխտնօրենի աշխատասենյակի դիմային աջ անկյունային հատվածում, տնօրենի աշխատասենյակի դիմային ձախակողմյան հատվածում՝ աշխատասեղանին հարակից, և պահոց-սենյակի դիմային կենտրոնական հատվածում կրակայրիչով այրելով թղթերը, ացետոնով թրջված կտորը, գրապահարանը՝ հրդեհ են առաջացրել շենքում, որը տարածվել է, ընդգրկելով հարակից սենյակները, ջերմահարել ու մրապատել նախասրահը, պատուհանների միջոցով անցում կատարելով դեպի երկրորդ հարկ։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ վնասվել է «Արմավիր տեխնիկական դպրոց» ՍՊ ընկերությանը պատկանող գույքը, պատճառվել է խոշոր չափերի՝ 3.595.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նրանց մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ  հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը՝ կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով

2 ամբաստանյալների նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել դաստիարակչական հսկողությունը։

Հոկտեմբերի 8-ին գործը մակագրվել է դատավոր Հրաչյա Մեխակյանին, դեռևս նիստի չի նշանակվել։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել