Ե՞րբ է իրավական ակտը համարվում ընդունված

Օրենքի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման ընդունման օր է համարվում դրա` Ազգային ժողովի կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման օր է համարվում դրա` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերի ընդունման օր է համարվում դրա` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:

Կարգավորող հանձնաժողովների իրավական ակտերի ընդունման օր է համարվում դրա` այդ հանձնաժողովների կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:

Համայնքի ավագանու որոշման ընդունման օր է համարվում դրա` համայնքի ավագանու կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:

Իրավական այլ ակտերի ընդունման օր է համարվում դրանց տեքստերն իրավասու պաշտոնատար անձանց կողմից ստորագրվելու օրը:

Հանրաքվեներով ընդունված իրավական ակտերի ընդունման օրը որոշվում է հանրաքվեների մասին օրենքներով և «Իրավական ակտերի մասին» օրենքով նախատեսված կարգով:

Իրավական ակտի հերթական համարը սահմանում է իրավական ակտն ընդունող մարմինը` միայն արաբական թվանշաններով: Համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից: Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը պետք է համարակալվեն միայն ամբողջական թվանշաններով:

Իրավական ակտում դա ընդունող մարմինը նշում է կատարում դրա բնույթի մասին «Ն» (նորմատիվ), «Ա» (անհատական) և «Լ» (ներքին, լոկալ) տառերով: Սույն նշումները կատարվում են իրավական ակտի հերթական համարից անմիջապես հետո:

Համապատասխան նշում չունեցող իրավական ակտերը համարվում են անհատական իրավական ակտեր: Դրանց նորմատիվ բնույթ ունեցող դրույթներն իրավաբանական ուժ չունեն:

Անհատական իրավական ակտի նշումով ընդունված իրավական ակտերի` նորմատիվ բնույթ ունեցող դրույթներն իրավաբանական ուժ չունեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել