Պարզվել են զինծառայող Կ.Կարապետյանի սպանության հանգամանքները. նախաքննությունն ավարտվել է

Պարզվել են 2024թ հունվարի 9-ին կատարված զինծառայող Կարեն  Կարապետյանի սպանության  մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննված քրեական վարույթով իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զինծառայողի սպանության շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։

Մասնավորապես՝ պարզվել է, որ դեպքի օրը՝ 2024 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 04:30-ից 05:00-ի սահմաններում, կոչումով լեյտենանտ Կ.Կարապետյանը ծառայողական հարցերի շուրջ, այն է՝ դիրքում քնելու կապակցությամբ առաջացած խոսակցության ժամանակ, վիրավորական արտահայտություն է հնչեցրել ծառայակցի՝ Ն.Խ.-ի հասցեին:

Վերջինս, չհանդուրժելով իրեն հասցված վիրավորանքը, վրեժխնդրության շարժառիթով, 2024 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, հանձնելով մարտական հերթափոխը, մտել է մարտական դիրքի գետնատնակ և լիցքավորելով իրեն  ամրակցված ԱԿ-103 տեսակի ինքնաձիգը՝ մոտեցել է պառկած վիճակում գտնվող Կարեն  Կարապետյանին, որից հետո նախ՝ մենահատ, ապա կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ն.Խ.-ին մեղադրանք է ներկայացվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել