«Թե ինչ անուն կարելի է դրան տալ, թողնում եմ յուրաքանչյուրի բարոյական ընկալումներին»․ Գոռ Աբրահամյանն անդրադարձել է փաստաբան Ռոման Երիցյանի գրառմանը

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է փաստաբան Ռոման Երիցյանի գրառմանը և հայտնել հետևյալը․

«Փաստաբան Ռոման Երիցյանի կողմից արված գրառումը Կոմիտաս փողոցում երկու անձի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի շրջանակներում քննիչների անգործության մասին, բացարձակապես իրականության հետ աղերս չունի և խիստ մանիպուլյատիվ է` ներհասարակական համակեցության առումով խիստ վտանգավոր շեշտադրումներով։

Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով։ Իրականացվել է դեպքի վայրի զննություն, վնասվածքներով բուժհաստատություն տեղափոխված երկու անձինք ճանաչվել են տուժող։ Քննիչներն այնքան օպերատիվ են գործել, որ անմիջապես այցելել են բուժկենտրոն, այնտեղ նրանց հարցաքննելու համար։ Տեւժողներից մեկը հարցաքննվել է, մյուսի հետ քննչական գործողություն հնարավոր չի եղել կատարել վերջինիս առողջական վիճակով պայմանավորված։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Տարածքում տեղակայված տեսագրող սարքերի պարունակությունը վերցնելու հանձնարարություն է տրվել, ոստիկանությանը հանձնարարվել է նաև հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, քննությանը հետաքրքրող այլ հանգամանքներ պարզելու վերաբերյալ։ Այսինքն անհետաձգելի բոլոր գործողությունները կատարվել են, և դրանք շարունակվում են նաև այսօր։

Այս իմաստով քննիչների կողմից, հարսանիքի պատճառով գործողություններ չիրականացնելու վերաբերյալ պնդումները անհիմն են, մտացածին և ցածրակարգ, այլ իրողությունների, վարույթների հետ համադրությունների մեջ դնելն ու դրանց հիման վրա դատողություններ անելն էլ ավելին չէ, քան պարզունակ ու զգացմունքային մանիպուլյացիա։

Իսկ այն հանգամանքը, որ փաստաբանը նշված անձանց նկատմամբ բռնության գործադրումը ուղիղ կերպով կապում է նրանց արցախցի լինելու հետ այն դեպքում, երբ տվյալ հանգամանքի մասին խոսող որևէ փաստական տվյալ առ այս պահը առկա չէ, այլ բան չէ, քան արհեստականորեն արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի առկայության պատրանք ստեղծելը և այդ կերպ ներհասարակական պառակտում գեներացնելը։
Թե ինչ անուն կարելի է դրան տալ, թողնում եմ յուրաքանչյուրի բարոյական ընկալումներին»։

Նշենք, որ փաստաբանը մատնանշելով ՀՀ Քննչական կոմիտեին, գրել էր․ «Ուրեմն երբ արցախցին հավաքի ժամանակ դատարկ պլաստմասե շիշ է նետում, ապա նրան նույն օրը տեսախցիկներով իդենտիֆիկացնում են, 15 ոստիկանի տուժող ճանաչում, մարզի հեռավոր գյուղից խուլիգանության կասկածանքով նրան ձերբակալում և նույն օրը կալանավորում։

Բայց երբ Կոմիտասի պողոտայում տաքսու սպասող, 65 և 51 տարեկան արցախցիներին ուսով հրում, իբրև թե ճանապարհ չտալու պատճառով նրանց վիրավորում և տեսախցիկների ու տասնյակ մարդկանց առջև ավտոմեքենայից հանված բիտայով դաժանաբար ծեծի են ենթարկում, ապա մի քանի մետր հեռավորության վրա գտնվող քննչական կոմիտեն ծեծի ենթարկողին հայտնաբերել չի կարողանում, հիվանդանոցում գտնվող արյունլվա շորերը առգրավել չի հասցնում, արցախցիներին տուժող ճանաչելու հարցում չի շտապում, աշխատանքային օրն ավարտվելուց հետո էլ վարույթով զբաղվելու ժամանակ չի ունենում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել