Կատարյալ անհեթեթություն են և իրականության հետ ոչ մի կապ չունեն այն կարծիքները, թե «այժմ ցանկացած դեղատան աշխատակից կարող է անմիջապես իր բջջային հեռախոսից մուտք գործել ԱՐՄԵԴ համակարգ և իմանալ, որ իր ընկերոջը, հարևանին կամ, օրինակ, գործընկերոջը ինչ են նշանակել»: Նման տեղեկություն տարածողները անգամ չեն էլ փորձել ճշտել, թե ինչ է երևում դեղատան աշխատակցի համակարգչի վրա: Հայտնում են ԱՐՄԵԴ համակարգից։
«Այս պատկերում մեր քաղաքացիները կարող են տեսնել այն, ինչ տեսնում է դեղատան աշխատակիցը իր համակարգչում:
Հաշվի առնելով գործընթացի սահուն ներդրման կարևորությունն առաջին հերթին մեր քաղաքացիների համար՝ մեր կողմից լրատվամիջոցներին հորդորում ենք ԱՐՄԵԴ համակարգի և այն սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության մասին տարածվող միակողմանի, հանրությանը մոլորեցնող տեղեկատվությունը, մերկապարանոց ու անպատասխանատու բոլոր հայտարարությունները հրապարակելուց առաջ անպայման ստուգել դրանց իսկությունն ու արժանահավատությունը»: