«Միքայելյան» հիվանդանոցում խմբով խուլիգանություն կատարելու, բժշկի, աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրանքեր են ներկայացվել երկու անձի

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են մի խումբ անձանց կողմից «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում խուլիգանություն կատարելու, բժշկի և անվտանգության աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները։

2024 թվականի փետրվարի 7-ին հիշյալ հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 21:15-ին, իրենց մոտ բուժօգնության տեղափոխված հիվանդի հարազատները հարձակվել են բուժանձնակազմի վրա, հարվածել վերջիններիս, հնչեցրել հայհոյանքներ: Ավելի ուշ հիվանդանոցից կրկին ահազանգ է ստացվել, որ հիշյալ միջադեպից հետո բուժօգնության են դիմել վիրաբուժական ինստիտուտի անվտանգության երկու ծառայող:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և նույն օրը, խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ հիվանդանոցի մոտից ձերբակալվել է 3 քաղաքացի։

Իրականացված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով՝ նրանից մեկը՝ 28-ամյա երիտասարդը, 2024 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, քրոջ ամուսնու և իր հասակակից մեկ այլ երիտասարդի հետ, խմածության հետևանքով անգիտակից վիճակում գտնվող հորեղբոր որդուն տեղափոխել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։

Այնուհետև, երբ հիվանադանոցի անվտանգության աշխատակիցները բուժօգնության դիմած անձին ուղեկցել են վերակենդանացման բաժանմունք, 28-ամյա երիտասարդը, չհամակերպվելով նշված բաժանմունքում իր մուտքն արգելված լինելու հանգամանքի և այդ կապակցությամբ անվտանգության աշխատակիցների կողմից տրված պարզաբանումների հետ, դրսևորել է խուլիգանական վարքագիծ։

Մասնավորապես, վերջինս նախ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել անվտանգության աշխատակիցների ու բուժանձնակազմի հասցեին, ապա խմբի կազմում՝ քրոջ ամուսնու հետ, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, շարունակել է նույն վարքագիծը նաև հիվանդանոցի մեկ այլ հատվածում։

Վերջինս տևական ժամանակ՝ շուրջ 10-15 րոպե, անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, կոպիտ կերպով խախտել է ինչպես բուժանձնակազմի, այնպես էլ՝ հիվանդների անդորրը, ապա, խուլիգանական դրդումներով, քրոջ ամուսնու հետ հարվածներ է հասցրել բժիշկներից մեկի, անվտանգության ծառայության երկու աշխատակիցների մարմնի տարբեր մասերին՝ նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ ու ֆիզիկական ցավ:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ 28-ամյա քաղաքացու և նրա քրոջ ամուսնու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

28-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ նրա քրոջ ամուսնու նկատմամբ՝ տնային կալանքը 2 ամիս ժամանակով: Վերջիններիս հետ հիվանդանոց գնացած, ապա ձերբակալված 3-րդ անձն ազատ է արձակվել՝ արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել