Ինչ սահմանափակումներ ունեն հանրային պաշտոն զբաղեցնող անձինք՝ նվերներ ընդունելիս․ որն է համարվում «նվեր», «հյուրասիրություն»

Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չպետք է իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունեն կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնեն: Սա սահմանված է «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածով։

Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պետք է միջոցներ ձեռնարկեն, որ իրենց ընտանիքի անդամները և իրենց հետ փոխկապակցված այլ անձինք չընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման և ստացված նվերի միջև։

«Հանրային ծառայության մասին» օրենքի շրջանակներում «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որևէ այլ ձևով արտահայտված), կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետևանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն, և որը տրամադրվում է պայմանավորված անձի (այդ թվում՝ նաև փոխկապակցված անձի) պաշտոն զբաղեցնելու հանգամանքով։

Այս հոդվածով սահմանված է նաև, որ «հյուրասիրություն» է համարվում այն նվերը, որն առաջարկվել, տրվել կամ ստացվել է պաշտոնական հարաբերություններ սկսելու, դրանք ամրապնդելու կամ զարգացնելու նպատակով: Այն ընդգրկում է, բայց չի սահմանափակվում ընդունելության, ժամանցային, սոցիալական կամ սպորտային միջոցառումների հրավերներով և առաջարկներով:

Ներքոնշյալ կարգավորումները գործելու են «Հանրային ծառայության մասին» օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից։

Եթե պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերների կամ օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերների արժեքը գերազանցում է 60․000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:

Նշված նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:

Այդ նվերները տնօրինվում են համապատասխանաբար «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով կամ տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությամբ սահմանված կարգով։

Եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողն ստացել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա հանրային ծառայողը սահմանված կարգով անմիջապես, սակայն ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում, հայտնում է տվյալ մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպչին, դատավորը՝ Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովին, դատախազը, քննիչը՝ համապատասխան մարմնում գործող Էթիկայի հանձնաժողովին, այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ տասնհինգօրյա ժամկետում իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Եթե նվերը, բարեվարքության հարցերով կազմակերպչի, Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի, Էթիկայի հանձնաժողովի կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ստացված խորհրդատվական կարծիքի համաձայն, հանդիսանում է սույն հոդվածի իմաստով թույլատրելի չհամարվող, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է ապահովել, որ ստացված նվերը վերադարձվի, կամ վճարվի դրան համարժեք հատուցում խորհրդատվական կարծիքն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է սահմանված կարգով նվերը հանձնել պետությանը կամ համայնքին։

Նշված դեպքերում ստացված նվերը ենթակա է հանձնման պետությանը, իսկ համայնքային պաշտոն զբաղեցնող անձանց և համայնքային ծառայողների կողմից՝ համապատասխան համայնքին։

Եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին հայտնի է դառնում, որ իր ընտանիքի անդամները կամ իր հետ փոխկապակցված անձինք ստացել են նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա այդ մասին իրեն հայտնի դառնալուց հետո անմիջապես, սակայն ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում, հանրային ծառայողը սահմանված կարգով հայտնում է տվյալ մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպչին, դատավորը՝ Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովին, քննիչը, դատախազը՝ Էթիկայի հանձնաժողովին, այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ տասնհինգօրյա ժամկետում իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Եթե նվերը, բարեվարքության հարցերով կազմակերպչի, Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի, Էթիկայի հանձնաժողովի կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ստացված խորհրդատվական կարծիքի համաձայն, հանդիսանում է սույն հոդվածի իմաստով արգելված նվեր, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որ ստացված նվերը վերադարձվի, կամ վճարվի դրան համարժեք հատուցում խորհրդատվական կարծիքն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

Նշված պարագայում փոխկապակցված անձինք են պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը:


Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել