ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նոյեմբերի 16-ին կայացել է Հայաստանի կողմից «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Միջազգային արևային դաշինքի համահիմնադիր երկրների ներկայացուցիչները՝ Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան:
Ըստ աղբյուրի՝ համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ինչից հետո ստորագրված բնօրինակը պաշտոնապես հանձնվել է Համաձայնագրի ավանդապահ պետություն հանդիսացող Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Համաձայնագիրն այնուհետև կանցնի վավերացման ներքին ընթացակարգերով և ուժի մեջ կմտնի Հայաստանի կողմից ավանդապահ երկրին վավերացման գործիքի հանձնմանը հաջորդող երեսուներորդ օրը:
Նշվում է, որ Միջազգային արևային դաշինքին Հայաստանի միանալը կարևոր քայլ է կլիմայի փոփոխության դեմ պայքարի, վերականգնվող և կանաչ էներգետիկ ռեսուրսների զարգացման, էներգիայի հասանելիության և էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ: