Ֆաթիմա Զուրաբովային խորհուրդ է տրվել պաշտպանված լինելու համար դիմել Միգրացիոն կենտրոն, աղջիկն այլևս մեզ հետ կապ չի հաստատել. Կանանց աջակցման կենտրոն

Կանանց աջակցման կենտրոնի համակարգող Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մամուլում հնչեղություն ստացած Ֆաթիմա Զուրաբովայի գործով Կանանց աջակցման կենտրոնը պարզաբանում է, որ վերը նշված անձին թեժ գծի միջոցով տրվել է խորհրդատվություն, մանրամասն բացատրվել է անվտանգության լավագույն տարբերակը, այն է՝ դիմել Միգրացիոն ծառայություն՝ համապատասխան կարգավիճակ ստանալու գործընթաց սկսելու նպատակով, ինչը նրան հնարավորություն կտար պատշպանված լինել: Այլ անձանց ուղղորդմամբ, նրա համար վարձակալվել է բնակարան, և աղջիկն այլևս մեզ հետ կապ չի հաստատել: Այնուհետ տեղեկացել ենք, որ ոստիկանության կողմից որպես անհետ կորած հետախուզվող Ֆաթիմա Զուրաբովան հայտնաբերվել է:

Ինչ վերաբերում է մամուլում տարածված հրապարակումներին, ապա տեղեկացնում ենք, որ Հայաստանում առկա չէ պետական ապաստարան: Գործում է երկու ապաստարան՝ Կանանց աջակցման կենտրոնի ներքո, ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների համար, որը որոշակի ֆինանսական աջակցություն է ստանում պետության կողմից: Ընտանեկան բռնության ենթարկված կանայք անվտանգության բարձր ռիսկի դեպքում ուղղորդվում են ապաստարաններ՝ իրենց գրավոր կամարտահայտությամբ:

Տեղեկացնում ենք նաև, որ Կանանց աջակցման կենտրոնը աջակցության ծառայություններ է տրամադրում ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներին, առանց որևէ խտրականության: 2023թ.-ի հոկտեմբերի դրությամբ Կանանց աջակցման կենտրոնը ապաստարան է տրամադրել 234 կանանց և նրանց երեխաներին, իսկ 2020-2023 թթ. ընթացքում 26 օտարերկրյա քաղաքացի ստացել է աջակցություն, այդ թվում օգտվել է ապաստարանի ծառայությունից, որոշ դեպքերում առանց ոստիկանության կողմից ուղղորդման: Մեր բոլոր ծառայությունները գաղտնի են, անանուն և ապահով:

Հորդորում ենք չշահարկել ընտանեկան բռնության թեման և խուսափել անհարկի աղմուկից:

Յուրաքանչյուր անձ, որը ենթարկվում է ընտանեկան բռնության, կարող է 24 ժամ զանգահարել Կանանց աջակցման կենտրոնի թեժ գիծ՝ 099887808, կամ ոստիկանության 1-02 հեռախոսահամարին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել