Օրեր առաջ ՀՀ-ում անհետ կորած, այնուհետև հայտնաբերված Ֆատիմա Զուրաբովան մտադրված է փախել Հայաստան․ նոր մանրամասներ

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նկատի ունենալով մի շարք լրատվամիջոցներից բանավոր հարցում ստացած լինելու հանգամանքը՝ հայտնում եմ հետևյալը․

2023 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել մի քաղաքացուց այն մասին, որ 2023թ․ նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, իր ընկերոջ եղբոր դուստր՝ Ֆատիմա Ահմադի Զուրաբովան, Մին. Վոդի-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան և մինչ օրս որևէ տեղեկություն չունեն նրա վերաբերյալ:

Փաստի առթիվ 2023թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ (տվյալ պահին անհայտ կորելու հիմքով), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔվ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:

Նոյեմբերի 14-ին Ֆաթիմա Զուրաբովան ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է, ապա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին:

Նա հարցաքննվել է որպես վկա և ցուցմունք տվել ՌԴ Ինգուշեթիայի Հանրապետությունում պարբերաբար բռնությունների ենթարկվելու մասին: Նշել է, որ համացանցով փնտրել և գտել է Հայաստանում գործող մի կազմակերպություն, որը զբաղվում է ընտանիքում բռնությունների ենթարկվածներով: Կապ է հաստատել այդ կազմակերպության աշխատակցի հետ, ով, իմանալով իր պատմությունը, դեպի ՀՀ գնել է տոմս, որից հետո սույն թվականի նոյեմբերի 8-ին ժամանել է Հայաստան: Հայաստանում բնակություն է հաստատել Աշտարակ քաղաքում՝ կազմակերպության կողմից վարձակալած վայրում: Նշել է, որ ՀՀ-ում որևէ բռնության չի ենթարկվել, որևէ մեկն իրեն վնաս չի հասցրել:

Հայտնել է, որ տեղյակ է այն մասին, որ իր հորեղբայրները գտնվում են ՀՀ-ում, վերջիններս հանդիպել են իրեն: Նշել է, որ չի ցանկանում վերադառնալ Ինգուշեթիա՝ սպառնալիքների պատճառով։

Վերոնշյալ վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն, այդ թվում՝ Ֆաթիմա Զուրաբովայի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։ Վերջինս արգելանքի տակ չէ, քննչական բաժնում գտնվելու ընթացքում ընտանիքի անդամներից, հարազատներից որևէ մեկի հետ չի հանդիպել և շփում չի ունեցել։

Նախաքննությունը շարունակվում է»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել