Նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման համար դիմելիությունն այս պահին բավարար չէ. Արաքսիա Սվաջյան

Նախադպրոցական կրթական ծրագրեր և ծառայություններ իրականացնող կազմակերպությունները մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է դիմեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գործունեության լիցենզավորման նպատակով:

Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Գործընթացը սկսվում է համապատասխան կրթական ծրագրի ներկայացմամբ, որը սահմանված կարգով կտրամադրվի մասնագիտական փորձաքննության: Ներկայացված ծրագրի դրական եզրակացության առկայության պարագայում կազմակերպություններն, ըստ սահմանված պահանջների, կարող են լիցենզավորվել: 

Այս մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման վերաբերյալ օրենսդրական  պահանջին և հանրակրթության ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի: 

Ինչպե՞ս պետք է իրականացվի լիցենզավորման գործընթացը

««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ լիցենզավորման պահանջը վաղուց էր դրված թե՛ ծրագրեր, և թե՛ ծառայություններ մատուցող կազմակերպությունների առջև: Համապատասխան բոլոր ենթաօրենսդրական ակտերը մշակված են, ծրագրերի օրինակելի ձևերը կան, որին համապատասխան՝ կազմակերպությունները պետք է դիմեն, որպեսզի կարողանան մինչև դեկտեմբերի 30-ը լիցենզավորման գործընթացն անցնել, ինչը հնարավորություն կտա գործունեություն ծավալել 2024 թվականին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հորդորելով նախադպրոցական ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններին դիմել սահմանված ժամկետում: 

Նախարարի տեղակալը մտահոգություն է հայտնել լիցենզավորման համար դիմելիության ակտիվությունից. նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման համար ներկայացված դիմումներն այս պահին բավարար չեն: Ըստ Ա. Սվաջյանի՝ նախարարությունը վերջին փուլում ստացել է  ընդամենը 9 հայտ, մինչդեռ  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալներով առկա է նախադպրոցական ոլորտում գործող առնվազն 320 կազմակերպություն: 

Նրա խոսքով՝ լիցենզավորման գործընթաց սկսելու առաջին նախապայմանը  ծրագիրն է. «Պետք է ներկայացվի՝ ինչ ծրագիր է իրականացվում, որը  մենք կուղարկենք մասնագիտական փորձաքննության: Եթե ծրագիրն, ըստ ԿԶՆԱԿ-ի եզրակացության, համապատասխանում է պետության կողմից առաջադրված  չափանիշներին և համահունչ է նախադպրոցական կրթության պետական չափորոշչին, ապա՝ երաշխավորվում է: Հաջորդաբար լիցենզավորման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ներկայացման դեպքում կազմակերպությունը ստանում է արտոնագիր»: 

Պարզաբանելով հարցը, թե ինչ է լինելու այն դեպքում, եթե 2024 թվականի հունվարի մեկի դրությամբ կազմակերպությունը  հասցրած չլինի արտոնագրվել, նախարարի տեղակալը նշել է. «Հաշվի առնելով, որ քիչ ժամանակ է մնացել՝ հիմա քննարկում ենք տարբերակ, ըստ որի՝ կազմակերպությունը կհամարվի լիցենզավորման գործընթացում, եթե մինչև դեկտեմբերի 30-ը դիմել է,  սակայն դեռևս չի հասցրել ստանալ արտոնագիր: Մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը լիցենզավորման համար  հայտ չներկայացրած  կազմակերպությունները 2024 թ. հունվարին կարող են ստուգումների ենթարկվել ՊԵԿ-ի կողմից.  սահմանված են տույժեր,  ընդհուպ մինչև  գործունեության դադարեցման արգելք»:

Ինչպիսի՞ ծրագրեր կարող են ներկայացվել 

«Նախադպրոցական ոլորտում ցանկացած գործունեություն պետք է հիմնված լինի  նախադպրոցական կրթության չափորոշչի վրա:  Ներկայացվող  ծրագրերը կարող են լինել ամբողջական, այսպես կոչված՝ մանկապարտեզին բնորոշ ծրագիր, որն իր հերթին կարող է լինել հեղինակային, այլընտրանքային, միջազգային և այլն: Բոլոր ձևաչափերն ընդունելի են: Մենք ունենք նաև նախադպրոցական ծառայություններ հասկացությունը, որն ավելի կարճաժամկետ՝ օրվա ընթացքում մինչև 4 ժամ տևողությամբ ծրագրերին է վերաբերում, այսպես կոչված՝ զարգացման կենտրոններին»:

Ըստ փոխնախարարի՝ զարգացման կենտրոնները նախկինում չէին լիցենզավորվում: Սակայն առկա էին իրավիճակներ, երբ նման կենտրոնները ոչ թե օրական 3-4 ժամ զբաղվածություն էին ապահովում երեխաների համար, այլ  փաստացի իրականացնում էին նախադպրոցական կրթություն: Արաքսիա Սվաջյանը պարզաբանել է՝ արդյոք շարունակելո՞ւ է գործել նախադպրոցական ծրագրի և ծառայության տարբերակումը, ինչպես նաև՝ արդյոք նո՞ւյնն են լինելու լիցենզավորման պահանջները: Փոխնախարարի խոսքով՝ որոշակի տարբերություններ կլինեն: Եթե կազմակերպությունն իրականացնում է ամբողջական կրթական ծրագիր՝ 8 ժամ տևողությամբ, բնականաբար պետք է ստանա լիցենզիա՝ մանկապարտեզի կամ նախակրթարանի համար՝ ապահովելով տվյալ գործունեության համար սահմանված լիցենզավորման պայմաններն ու պահանջները /շենքային պայմաններ, սանիտարական նորմեր, մասնագիտական անձնակազմի որակավորման պահանջներ և այլն/: Մինչև 4 ժամ տևողությամբ ծրագրեր իրագործելու դեպքում՝  կազմակերպությունը կարող է լիցենզավորվել որպես նախադպրոցական ծառայություն մատուցող, որի համար սահմանված են այլ պայմաններ և պահանջներ:

«Բնականաբար, ըստ ծրագրերի, տարբեր են նաև սահմանված պայմանները և պահանջները», – շեշտել է Արաքսիա Սվաջյանը:

Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալը պատասխանել է լրագրողների հարցերին, մասնավորապես՝ անդրադառնալով նոր դասագրքերի բաշխմանը, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, տրասնպորտային ծախսերի փոխհատուցմանը,  կրթական հաստատություններում բուլինգի դրսևորումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտների և մանկավարժների ՀՀ դպրոցներում ներգրավմանը  և մի շարք այլ խնդիրների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել