ԲԴԽ-ն դատավոր Արտաշես Հովհաննիսյանին նախազգուշացում հայտարարեց

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Սնանկության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել։ Սնանկության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանին հայտարարել նախազգուշացում։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

«Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ Սնանկության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանի միջնորդությունը՝ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին, մերժվել է։Դատավորը թույլ էր տվել դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, մասնավորապես Դատավորը, մերժելով հայցադիմումի վարույթ ընդունումը, ապա նշված որոշումը վերացվելուց հետո նույն հիմքով կարճելով գործի վարույթը, չի պահպանել իրավական որոշակիության սկզբունքը՝ առանց որևէ ծանրակշիռ փաստարկի անտեսելով օրինական ուժի մեջ մտած վերադաս դատական ատյանի դատական ակտերի օրինականության և պարտադիրության սկզբունքը՝ առերևույթ թույլ տալով հաղորդում ներկայացրած անձի՝ դատական պաշտպանության հիմնարար իրավունքի խախտում՝ ոչ իրավաչափորեն սահմանափակելով դրա իրացումը»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել