«Միասնությունը ուժ է, միասնական լինելը՝ մտածողություն». Գոռ Վարդանյանը տվել է Պոլիտեխնիկի ուսանողական-երիտասարդական ռազմահայրենասիրական հավաքի մեկնարկը

Եռագույնը խորհրդանշող երեք ճակատ, մեկ կարգախոս՝ հզոր ենք, երբ միասին ենք: 8-րդ անգամ մեկնարկել է Պոլիտեխնիկի «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական ռազմահայրենասիրական հավաքը: 200 ուսանող Հայաստանի տարբեր բուհերից:

Միջոցառմանը եռագույնը խորհրդանշող ճակատները կրում են ականավոր հայերի անուններ: Այս տարի կարմիր ճակատն անվանակոչվել է Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանի, Կապույտ ճակատը՝ պետական գործիչ, Ազգային հերոս՝ Կարեն Դեմիրճյանի, նարնջագույնը՝ ֆիզիկոս, աստղագետ, Գրիգոր Գուրզադյանի պատվին:

Միջոցառման հանդիսավոր մեկնարկին, ողջունելով ներկաներին, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը հատուկ նշել է միջոցառման կարևորությունը, ընդգծել՝ միասնությունը ուժ է, միասնական լինելը՝ մտածողություն:

«Առաջին հայացքից, երբ հնչում է միասնության ուժը արտահայտությունը, շատ հեշտ ընկալելի է թվում, բայց իրականում, կյանքում՝ շատ դժվար կիրառելի: Միասնություն, որը պետք է բերի ուժ, միասնություն գիտության մեջ, որը պետք է բերի արդյունք, միասնություն համերաշխության մեջ, որը պետք է բերի տրամադրություն, միջավայր, հնարավորություն: Հենց այս գաղափարի ներքո տարիներ առաջ ձևավորվեց «Միասնության ուժը» միջոցառումը, ձևավորվեց, որպեսզի մենք միասին տարածենք միասնության գաղափարը», նշել է Պոլիտեխնիկի ռեկտորը:

Ռեկտոր Գոռ Վարդանյանը երիտասարդներին մաղթեց, որ առաջիկա շաբաթում պայքարեն միասնության լավագույն օրինակը դառնալու համար: Յուրաքանչյուր ձեռքբերում, հաջողություն և հաղթանակ, պետք է լինի միասնությունը տարածելու և երիտասարդի կերպարը ձևավորելու համար:

«Դուք՝ Հայաստանի տարբեր բուհերի ներկայացուցիչ երիտասարդներդ, ունեք մեծ առաքելություն, այն մասնագիտական կարողությունները և գիտելիքները, որոնք ստանում եք ձեր բուհերում, նպատակ ունեն միասնական ձևով մեր երկրում արդյունք բևեռացնելու համար: Ուզում եմ, որ մենք յուրաքանչյուրս կյանքում առաջին հերթին ունենանք փիլիսոփայություն, թե ինչի համար ենք ապրում, քնում և արթնանում, երազանքներ գեներացնում և վերջապես ինչի համար է մեր կյանքը, որը տարիների ընթացքում պետք է ունենա իր տրամաբանական գեներացրած արդյունքը կամ չունենա: Ես ուզում եմ դուք համոզվեք, որ տարիների ընթացքում կարող եք մեծ արդյունքներ գեներացնել միասնության ուժը ընկալելով, միասնական գաղափարներ գեներացնելով և միասնական առաջ շարժվելով: Դա ամենաբարդ բանն է, քանի որ փորձում ես քո սահմաններից, քո պատկերացումներից դուրս գալ, ինչ որ բան հանրության մեջ, քո ընկերոջ համար, շրջապատում ստեղծես: Ես ուզում եմ, որ դուք ապագայում արժեքաստեղծ լինեք հանրության մեջ, ձեր շրջապատում և հայրենիքում: Այդ հաջողությունները մեզ և բոլորիս երաշխիք են տալու ապագա ձեռքբերումների համար և վստահություն գալիք սերնդին, որպեսզի իրենց ապագան մեր հայրենիքում տեսնեն»,- շեշտել է Գոռ Վարդանյանը:

Ուսանողական հավաքի նպատակը երիտասարդներին միասնության գաղափարի շուրջ համախմբելն է: Ոչ թե խոսքով, այլ գիտելիքով և կամքով, մշակել նոր գաղափարներ, որոնք իրատեսական են, կնպաստեն մեր երկրի առաջընթացին:

Հավաքի ընթացքում անցկացվելու են մարզական, մշակութային և ինտելեկտուալ մրցույթներ, կորոշվի լավագույն ճակատը: Նաև հանդիպումներ, քննարկումներ հասարակական, պետական, քաղաքական գործիչների հետ:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել