Դժվարություններ են առաջացել․ անկանխիկ եղանակով վճարումներ հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ առաջարկվում է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը չտարածել անմաքս առևտրի խանութներում իրականացվող մանրածախ առևտրի նկատմամբ՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանի Հանրապետություն այցելող և Հայաստանի Հանրապետությունից մեկնող զբոսաշրջիկներին առանց սահմանափակման կատարել նաև կանխիկ վճարումներ։

Բացի այդ, առաջարկվում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում նախատեսել անմաքս առևտրի խանութներում ապրանքների գնանշումները արտարժույթով իրականացնելու հնարավորություն:

Նշվում է, որ 2022 թվականի հունվարի 18-ին ընդունվել և հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, համաձայն որի՝ մինչև 300 000 ՀՀ դրամը գերազանցող ապրանքների դիմաց վճարումը և վճարման ստացումը իրականացվում են անկանխիկ ձևով։

Նախարարությունը, ուսումնասիրելով և վերլուծելով «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայաններում գործող անմաքս առևտրի խանութներից ստացված տեղեկատվությունը՝ համեմատելով 2019, 2021, 2022 թվականների 2-րդ կիսամյակների առևտրաշրջանառության մեջ 300 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների քանակը և դրանց ընդհանուր գումարը, և համադրելով նույն ժամանակահատվածի ուղևորահոսքի հետ՝ եկել է եզրահանգման, որ 2022 թվականի հունվարի 18-ի «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի 2-րդ կիսամյակում 300 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների քանակը նվազել է 2019 թվականի 2-րդ կիսամյակի համեմատ 25․4 % կամ որ նույնն է՝ 152 գործարքով, իսկ 2021 թվականի 2-րդ կիսամյակի համեմատ 22․6% կամ 130 գործարքով։

«Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ 2022 թվականի 2-րդ կիսամյակում ուղևորահոսքի քանակը 2019 թվականի 2-րդ կիսամյակի համեմատ ավելացել է շուրջ 26․8 % կամ 497970 ուղևորով, իսկ 2021 թվականի 2-րդ կիսամյակի համեմատ ավելացել է շուրջ 43.8 % կամ 717512 ուղևորով, որոնց պարագայում պետք է ականատես լինեինք ճիշտ հակառակ պատկերին՝ այն է ուղևորահոսքի քանակի ավելացման համամասնությամբ 300․000 դրամը գերազանցող գործարքների քանակի և գումարի ավելացմանը։ Արդյունքում ստացվում է, որ հիշյալ ոլորտի տնտեսավարողների «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ազդեցության արդյունքում առաջացել է իրացման ծավալների նվազում, այլ կերպ ասած նշյալ օրենքը թողել է բացասական ազդեցություն։

Բացի այդ, Հայաստանի Հանրապետություն այցելող և Հայաստանի Հանրապետությունից մեկնող զբոսաշրջիկները երբեմն դժվարություններ են ունենում անմաքս առևտրի խանութներում 300 000 ՀՀ դրամը գերազանցող ապրանքների ձեռք բերման ժամանակ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու օրենքով սահմանված պարտադիր պահանջի ապահովման հետ կապված: Մասնավորապես, համաձայն «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայաններում գործող անմաքս առևտրի խանութներից ստացված տեղեկատվության, վերը նշված օրենքի ուժի մեջ մտնելուն նախորդած տարվա ընթացքում կատարվել է մոտ 300 մլն ՀՀ դրամի մանրածախ առևտուր, որի շուրջ 3․5%-ը կազմել են անկանխիկ եղանակով գործարքները, իսկ մնացած 96,5%-ը կազմել են կանխիկ գործարքները։ Այս դեպքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնների արժեքը գերազանցել է 300 000 ՀՀ դրամը, որում ավելի քան 80%-ը զբաղեցրել են հայկական արտադրության ապրանքները, որոնց գերակշիռ մասը կազմել են ալկոհոլային խմիչքները»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Ըստ գերատեսչության՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անմաքս խանութների իրացման ծավալներն էականորեն նվազել են, քանի որ Հայաստանի Հանրապետություն այցելող և Հայաստանի Հանրապետությունից մեկնող զբոսաշրջիկները կանխիկ գործարքներ կատարելու գործում ենթարկվում են սահմանափակման․ «Հայաստանի Հանրապետությունից մեկնող անձինք իրենց մոտ չունենալով բանկային քարտեր կամ դրանցում չունենալով բավարար դրամական միջոցներ՝ ստիպված են լինում հրաժարվել անմաքս խանութներում գնումներ կատարելու մտադրությունից, ինչն էլ իր հերթին հանգեցնում է անմաքս խանութի իրացման ծավալների նվազեցման»։

Նախարարությունից նշել են նաև, որ արդարացված կլինի, եթե անմաքս խանութներում ապրանքների գնանշումն իրականացնել նաև արտարժույթով՝ (ԱՄՆ դոլար, Եվրո) հաշվի առնելով նաև այն, որ անմաքս առևտրի խանութներում ապրանքների դիմաց արտարժույթով վճարումն ներկայիս կարգավորումներով համարվում է թույլատրելի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել