Սեպտեմբերի 9-ին Արարատի մարզպետարանի դահլիճում մարզի փաստաբանների հետ հանդիպեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը: Հանդիպման ընթացքում նա ներկայացրեց Փաստաբանների պալատի այս տարիների գործունեությունը, այն, որ պալատում կան խնդիրներ, սակայն հավելեց, որ այդ խնդիրները բարձրաձայնելուց զատ անհրաժեշտ է գնահատել նաև ձեռքբերումները:
Նա խոսեց Փաստաբանների պալատի նոր շենքի հնարավորությունների մասին, քանի որ այդ նոր շենքում հնարավոր կլինի մեկտեղել Փաստաբանների պալատը, Հանրային պաշտպանի գրասենյակը և Փաստաբանական դպրոցը: Այնուհետև ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, անդրադարձավ Փաստաբանների պալատի ֆինանսական գործունեության թափանցիկությանը, փաստաբանների վերապատրաստման գործընթացին, փաստաբանների կողմից պալատի գործունեությանը օնլայն ռեժիմով հետևելու հնարավորության ապահովմանը:
Արա Զոհրաբյանը նշեց ծրագրով առաջարկվող այն փոփոխությունները, որոնք վերաբերում են մարզերում գործող փաստաբանների գործունեությանը, նրանց կողմից վճարվող անդամավճարների չափի վերանայմանը` ըստ մայրաքաղաքից մարզի հեռավորության: Նշվեց այն կարևոր հանգամանքը, որ մարզերի փաստաբաններին պալատում պետք է տեղ հատկացվի. նրանք ունենան աշխատասենյակ: Այնուհետև անդրադարձ կատարվեց մարզերում գործող հանրային պաշտպանի գործունեությանը, նրա աշխատանքային ծանրաբեռնվածությանը: Հատկապես կարևորեց հուշագրի կնքումը Փաստաբանների պալատի և Ոստիկանության հետ և բերեց հաջողված օրինակներ:
Հանրային թղթակից` Տիգրան Մաթևոսյան
Իրավաբան.net