Տիգրան Ավինյանը՝ նոր ավտոբուսների, միասնական տոմսային համակարգի, ժամանակացուցյի մասին

Երևանի տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար ձեռք է բերվել ևս 150 նոր ավտոբուս: Այս մասին այսօր՝ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է բավարարել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը մաքսատուրքից ազատելու հայտը։

«Ներկրված Zhongtong ավտոբուսները թույլ կտան քաղաքային տրանսպորտի 9 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը», – ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ ծրագրի ընթացքում նախատեսվում է 6.6 մլրդ դրամի ավտոբուս և պահեստամաս, 492 նոր աշխատատեղ՝ 317 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնեց, որ MAN և Zhongtong ավտոբուսները ներկրված են և արդեն տևական ժամանակ է ինչ Երևանում են և հաջորդ շաբաթ այս որոշման շրջանակներում ընդլայնում է առաջարկվելու՝ 87 MAN ավտոբուսների մաքսազերծման վերաբերյալ։

«Ավտոբուսները մոտավորապես 20 օրից մեկ ամսվա ընթացքում երթուցի դուրս կգան, որովհետև մենք դեռ ունենք այս որոշումն ընդլայնելու կարիք։ Ընդլայնելուց հետո մաքսազերծումը կտարածվի MAN ավտոբուսների վրա»,-ասաց նա։

Նա մանրամասներ ներկայացրեց ավտոբուսների ներկման, առաջացած խնդիրների վերաբերյալ՝ նշելով, որ MAN ավտոբուսների ներկրմանը սպասել են այս տարվա հունիսին․ «Ավտոբուսները մոտ 4-5 ամիս շուտ ենք ստացել ու բախվել այս խնդրի։ Ես ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից, որովհետև ակնկալվում էր, որ մարտի 1-ից 237 նոր ավտոբուս՝ 12 մետրանոց 87 MAN և 150 Zhongtong, կարողանայինք տեսնել Երևանի փողոցներում։ Ցավոք սրտի, դա մեր մեղավորությունն ու պատասխանատվությունն է, և ես դրա համար ներողություն եմ խնդրում:

Ինչ վերաբերում է այս ավտոբուսների շահագործմանը, մոտավորապես 30 օրից նոր ավտոբուսները գիծ կմտնեն։ Մենք զուգահեռ անցկացնում ենք մրցույթները, որոշակի գործընթաց կա»,-ասաց փոխքաղաքապետը։

Տիգրան Ավինյանը խոսեց նաև ուղևորատար գազելների խնդրին։ Նա նշեց, որ եթե քաղաքացիներին հարցնեն, թե ինչպիսին է տարնսպորատային վիճակը՝ կպատասխանեն, որ վատացել է։ Խնդիրն այն է, որ թեպետ գազելները լավը չէին, բայց դրանց քանակն էր շատ։ Իսկ ներկայումս առկա ավտոբուսների քանակը բավարար չէ ամբողջական սպասարկման համար։

«Խնդիրն էականորեն լուծվում է, երբ այս նոր 237 ավտոբուսները մտնում են ցանց։ Ավելացնեմ, որ ունենք նաև չինական ավտոբուսներ, որոնք ևս վերանորոգվում են և մտնում են ցանց։ Խնդիրը էականորեն մեղմվում է, բայց սա դեռ համակարգային լուծում չէ։

Այս տարվանից մենք ունենք միասնական տոմսային համակարգի ներդրման հաղթող․ միասնական տոմսային համակարգ է ներդրվելու և ավտոբուսներում, և մետրոյում։ Ավտոբուսների և մետրոյի ցանցի աշխատանքը համադրվելու է իրար հետ ու բերվելու է մի տրամաբանության։ Ավտոբուսների առանձնացված գծեր ենք սկսելու ունենալ, ամենայն հավանականությամբ, այս տարվանից, ինչն առավելություն է տալու մարդկանց, ովքեր օգտվում են ավտոբուսից, որովհետև ավտոբուսները խցանումների մեջ չեն ընկնելու, և մեր նպատակն է բոլորին հնարավորինս մղել հանրային տրանսպորտ, որ քաղաքի բեռնաթափումը, խցանումների ծավալը նվազեցնենք։

Նոր կանգառներ և կանգառասրահներ ենք տեղադրելու, և, ամենակարևորը, ունենալու ենք կառավարման համակարգ, որը այս տարի չենք հասցնի ամբողջական ավարտել, որը շատ պարզ բան է տալու մարդկանց՝ կանգառներում ու կանգառասրահներում մարդիկ հստակ իմանալու են՝ որ ավտոբուսը որ ժամին է լինելու կանգառում և կարողանալու են պլանավորել երթուղին»,-մանրամասնեց Ավինյանը։

Փոխքաղաքապետը նաև նշեց՝ գազելներ լինելու են, բայց ոչ՝ հուսահատության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել