ԿԳՄՍ նախարարը սահմանել է ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մարտի 2-ին հրաման է ստորագրել, որով սահմանել է հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները և նվազագույն չափաքանակը՝ համաձայն հավելվածի:

Iravaban.net-ը հայտնում է, որ հրամանը մարտի 7-ին ուժի մեջ է մտել։

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն hավելվածով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման հետ կապված հարաբերությունները։

2. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի վերապատրաստման կրեդիտային համակարգը գործընթացի կազմակերպման, կրեդիտների միջոցով վերապատրաստման արդյունքների հաշվառման և կուտակման համակարգ է։

3. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական զարգացման վերապատրաստման դասընթացը (այսուհետ՝ վերապատրաստման դասընթաց) ուսուցչի կողմից համարվում է յուրացված՝ սույն կարգով սահմանված կրեդիտների՝ ուսուցիչներին ներկայացվող պարտադիր նվազագույն որակական պահանջները, կարողություններն ու վերջնարդյունքները ձեռք բերելուց հետո։

2. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ

4. Ուսուցչի մասնագիտական գործունեության ձևերին համապատասխան կրեդիտների անվանացանկը ներառում է`

1) առարկայի իմացության կրեդիտ,

2) դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողությունների կրեդիտ,

3) սովորողին ցուցաբերվող աջակցության կրեդիտ,

4) ինքնազարգացման և մանկավարժներին մեթոդական աջակցության կրեդիտ:

3. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՇՆՈՐՀՎԱԾ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ

5. Զարգացման ոլորտի մասնագիտական գործունեության յուրաքանչյուր ձևի ուսումնասիրության արդյունքում ուսուցիչներին տրվում է 0-100 միավոր։ Առնվազն 60 միավոր հավաքելու դեպքում ուսուցչին տրվում է մեկ կրեդիտ։

6. Ուսուցիչը վերապատրաստման ընթացքում կարող է կուտակել առավելագույնը տասներկու կրեդիտ՝ ըստ հետևյալ բաժինների.

1) հանրակրթության բնագավառի օրենսդրություն, որը ներառում է կրթության ոլորտի օրենսդրության և պրակտիկայի իմացություն մասնագիտական գործունեության ձևը՝ մեկ կրեդիտ,

2) տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (այսուհետ՝ ՏՀՏ), որը ներառում է ՏՀՏ-ի ինտեգրում մասնագիտական գործունեության ձևը՝ մեկ կրեդիտ,

3) տարիքային հոգեբանություն, որը ներառում է սովորողների կարիքների ճանաչում կամ բացահայտում մասնագիտական գործունեության ձևը՝ մեկ կրեդիտ,

4) դիրքորոշում և արժեք, որը ներառում է 21-րդ դարի հմտությունների խթանում, մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն մասնագիտական գործունեության ձևերը՝ երկու կրեդիտ,

5) համընդհանուր ներառում, որը ներառում է ուսումնական գործընթացի ներառականությունն ու մասնակցայնությունն ապահովող կարողություններ մասնագիտական գործունեության ձևը՝ մեկ կրեդիտ,

6) գնահատում, որը ներառում է ուսումնառության գնահատում մասնագիտական գործունեության ձևը՝ մեկ կրեդիտ,

7) առարկայի դասավանդման մեթոդիկա, որը ներառում է առարկայական գիտելիքների զարգացում, դասընթացների և դասերի պլանավորում, դասի վարում մասնագիտական գործունեության ձևերը՝ երեք կրեդիտ,

8) հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները, որը ներառում է մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնում, ռեսուրսների կառավարում մասնագիտական գործունեության ձևերը՝ երկու կրեդիտ:

7. Ուսուցիչը համարվում է ատեստավորված, եթե մասնագիտական գործունեության ձևերից ստացած կրեդիտների ընդհանուր գումարը կազմում է առնվազն ինը։

8. Կրեդիտով սահմանվող ուսումնական բեռնվածությունը ներառում է ուսուցչի լսարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր ուսումնական աշխատանքները` մասնակցությունը դասախոսություններին և գործնական աշխատանքներին։

9. Ուսուցչի՝ հնգամյա շրջափուլի յուրաքանչյուր վերապատրաստման ընթացքում ուսումնասիրած դասընթացների համար ստացած կրեդիտների վերաբերյալ վկայականը դպրոցի տնօրենը ներբեռնում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ «ուսուցչի բնութագիր» բաժնում և կրեդիտները գրանցում դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում՝ վերապատրաստված ուսուցիչների ակադեմիական տեղեկագրում:

10. Ակադեմիական տեղեկագրում կրեդիտները հաշվարկվում են ինքնաշխատ եղանակով։

11. Ուսուցչի ակադեմիական տեղեկագրում գրանցված կրեդիտներն ուժի մեջ են՝ անկախ վերապատրաստման ծրագրի կամ վերապատրաստող կազմակերպության կարգավիճակի կամ կազմակերպաիրավական ձևի հետագա հնարավոր փոփոխություններից:

12. Հնգամյա շրջափուլի ընթացքում տվյալ տարվա, բացառությամբ շրջափուլի 5-րդ տարվա, վերապատրաստումներից անհրաժեշտ քանակությամբ կրեդիտներ չկուտակելու կամ ցածր միավորներով հանձնած լինելու դեպքում տվյալ մասնագիտական գործունեության ձևի դասընթացին (իր միջոցների հաշվին) կրկին մասնակցելու և դրանք լրացնելու համար կամ անհաղթահարելի ուժի պայմաններում ուսուցչին տրվում է հնարավորություն լրացնել դրանք հաջորդ տարի:

13. Հաջորդ տարի անհրաժեշտ քանակությամբ կրեդիտներ չկուտակած ուսուցիչը համարվում է չատեստավորված։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել