ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։
Նախատեսվում է 2023թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:
Որոշման նախագծում նշվում է, որ Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 2648 քաղաքացի, որոնցից 2364-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային «մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական», հրթիռահրետանային մասնագիտություններով:
«Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով,
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով»,-ասվում է որոշման նախագծի մեջ։
Վարժական հավաքները կանցկացվեն հետևյալ փուլերով.
ա. 2023 թվականի մայիսի 2 – 26-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 366 քաղաքացի, որոնցից 320-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 19-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
բ. 2023 թվականի մայիսի 16-ից հունիսի 9-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 366 քաղաքացի, որոնցից 320-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 19-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
գ. 2023 թվականի մայիսի 31–ից հունիսի 24-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 703 քաղաքացի, որոնցից 628-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 34-ը` ավագ ենթասպայական կազմի, 41-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
դ. 2023 թվականի հունիսի 6 – 30-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 876 քաղաքացի, որոնցից 788-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 37-ը` ավագ ենթասպայական կազմի, 51-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
ե. 2023 թվականի հունիսի 12-ից հուլիսի 6-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 337 քաղաքացի, որոնցից 308-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ը` ավագ ենթասպայական կազմի, 14-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
- Վարժական հավաքների ապահովման համար, 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 211 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացույցային օր ժամկետով՝ համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) պահեստազորային քաղաքացիների ծանուցման գործընթացը պատշաճ իրականացնելու նպատակով ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից կցագրված և վարժական հավաքների կանչման ենթակա պահեստազորայինների` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելու վերաբերյալ տեղեկատվության ստացումը,
2) ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից կցագրված և վարժական հավաքների կանչման ենթակա պահեստազորայինների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվության ստացումն էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգից: