Փետրվարի 15-ին, ժամը 16.53-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել բուքմեյքերական ընկերություններից մեկի աշխատակիցը և հայտնել, որ անհայտ անձը զենքով մուտք է գործել Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում գործող գրասենյակ և գումար պահանջել:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Նշված գրասենյակ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ տղամարդը զենքի սպառնալիքով աշխատակիցներից պահանջել է փող, սակայն չստանալով՝ դիմել է փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ավազակային հարձակումը կատարողի ինքնությունը:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 18-ին, ժամը 21.00-ին, 45-ամյա տղամարդը Խանջյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մալաթիայի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք օդամղիչ ատրճանակը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: