Պատերազմից մեկ օր առաջ խնջույք կազմակերպած հրամանատարի գործը դատարանում է

Սևակ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար։ Iravaban.net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ գործը մակագրվել է դատավոր Մուշեղ Արամյանին։

Նշվում է, որ վերջինս զբաղեցնելով N զորամասի հրամանատարի պաշտոնը, 2020 թվականի պատերազմի ժամանակ խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինչի հետևանքով ժամանակին չի հայտնաբերվել և չի կասեցվել պետության դեմ հարձակումը։

Նախնական դատալսումներ են հրավիրվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։

Դատախազությունից ավելի վաղ հայտնել են, որ Ս.Ա.-ն 2020 թվականի սեպտեմբերի 26-ին զորամասի սպայական կազմի հիմնական մասի և իր կողմից հրավիրված այլ հյուրերի` պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք՝ հացկերույթ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված ենթակա ստորաբաժանումների հրամանատարներից ստացել է առաջնագծում և հակառակորդի թիկունքում ուժերի և միջոցների տեղաշարժերի ու կուտակումների, մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ։ Այդ պայմաններում, վերջինս ի պաշտոնե պարտավոր է եղել իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով մարտական դիրքերը համալրելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջական պետին զեկուցելու համար, մինչդեռ որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 06:10-ից, իր ենթակա զորամասի պահպանության բնագծում հակառակորդի կողմից դեպի առաջնագիծ տանկերի, զրահատեխնիկաների և անձնակազմի առաջ շարժվելու պայմաններում ի պաշտոնե պարտավոր լինելով իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին վերադաս հրամանատարին զեկուցելու համար, շարունակել է դրսևորել անգործություն և չի կատարել հիշյալ կանոնադրություններով և հրամաններով իրեն վերապահված լիազորություններն ու իր վրա դրված պարտականությունները։ Այդ պայմաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը լայնածավալ հարձակում են գործել տվյալ պաշտպանական բնագծի երկայնքով և առաջիկա ժամերի ընթացքում յուրային զորքին մեծ կորուստներ պատճառելով ճեղքել են պաշտպանության շրջանի մի շարք մարտական դիրքերի, հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի պայմաններում յուրային զորքին չի հաջողվել պատշաճ վերախմբավորում կատարել, լրիվ ծավալով անցնել պաշտպանության, դիմակայել հակառակորդի հարձակմանը և կասեցնել այն։ Դա հակառակորդի զորքին հնարավորություն է ընձեռել զարգացնել հաջողությունը` գրավել գերիշխող բարձունքները և հրամանատարական դիտակետերը, միաժամանակ գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի անձնակազմի մի մասին, որի հետևանքով զորամասի ողջ անձնակազմը պարտադրված նահանջել է՝ կրելով զոհեր և վիրավորներ, Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել