Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային իրավահարաբերություններն առաջանում են աշխատանքային պայմանագրի կնքմամբ: Սակայն քիչ չեն այն դեպքերը, երբ աշխատողը աշխատում է, իր աշխատանքի դիմաց ստանում է (երբեմն նաև չի ստանում) վարձատրություն՝ առանց գործատուի հետ գրավոր աշխատանքային պայմանագիր կնքելու: Այս կերպ գործատուն խուսափում է համապատասխան հարկերից:
Իսկ ի՞նչ պատասխանատվություն է առաջանում առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելու համար:
Առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է` տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար: