Կառավարության որոշմամբ սահմանվել է սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով պետական սահմանի անցման կետերում նշված գործառույթն իրականացնող այլ պետական մարմինների ժամանակավորապես տեղակայման կարգը, ժամկետները և առանձին դեպքերը` համաձայն հավելվածի։
Iravaban.net-ը հայտնում է, որ որոշումը ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 1-ից։
ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՅԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐԸ
1. Սույն կարգով կարգավորվում են օրենքով նախատեսված սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով պետական սահմանի անցման կետերում օրենքով վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու գործառույթ իրականացնող այլ պետական մարմինների (այսուհետ՝ պետական մարմիններ) ժամանակավորապես տեղակայման կարգի, ժամկետների և պետական մարմիններին պետական սահմանում տեղակայելու առանձին դեպքերը սահմանելու հետ կապված հարաբերությունները։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ օրենքով նախատեսված սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով պետական սահմանի անցման կետերում ժամանակավորապես կարող են տեղակայվել օրենքով համապատասխան լիազորություն ունեցող պետական մարմիններ հետևյալ առանձին դեպքերում՝
1) ռազմական դրություն հայտարարվելու դեպքում.
2) արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում.
3) արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում.
4) արտակարգ իրավիճակների դեպքում.
5) Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակի ներուժ ունեցող վտանգների մասին հաղորդման դեպքում:
3. Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում պետական սահմանի անցման կետերում պետական մարմնի տեղակայումն իրականացվում է պետական մարմնի տեղակայման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից։
4. Պետական մարմինները կարող են տեղակայվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետով, որը չի կարող գերազանցել ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու, արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմա նելու ժամկետները կամ այն ժամկետը, որն անհրաժեշտ է սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում համապատասխան հետևանքների վերացման համար։
5. Պետական մարմինների ժամանակավորապես տեղակայումն իրականացվում է պետական սահմանի անցման կետերում հատուկ առանձնացված վայրերում՝ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը համապատասխան։ Նշված վայրերը համաձայնեցվում են ազգային անվտանգության և մաքսային մարմինների հետ։
6. Պետական մարմինների ժամանակավորապես տեղակայումը պետական սահմանի անցման կետերում իրականացվում է այնպես, որպեսզի անխոչընդոտ իրականացվեն ազգային անվտանգության և մաքսային մարմինների աշխատանքները, միաժամանակ ապահովվի պետական մարմնի տեղակայման արդյունավետությունը։