Աշխարհում և ԱՊՀ տարածքում հակամարտությունների առկայության մակարդակը շատ բարձր է մնում, հավաքական անվտանգությանը սպառնացող նոր վտանգներ են ի հայտ գալիս, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։
«Հակամարտությունների ներուժն ամբողջ աշխարհում, ինչպես նաև տարածաշրջանում, շատ բարձր է մնում։ Հավաքական անվտանգությանը սպառնացող նոր վտանգներ ու մարտահրավերներ են ի հայտ գալիս։ Դա, առաջին հերթին, աշխարհաքաղաքական դիմակայության կտրուկ սրման հետևանքով է»,- ասել է Պուտինը։
Նա ուշադրություն է հրավիրել նաև Արևմուտքի կողմից հրահրվող «գունավոր հեղափոխություններին», ընդգծել է՝ շանտաժի, ճնշման, ահաբեկման մարտավարությունը որոշ երկրներ կիրառում են ԱՊՀ գրեթե ամբողջ տարածքում, որտեղ բորբոքվում են հակամարտություններ։
«Չեն դադարում «գունավոր հեղափոխությունների» սցենարները կյանքի կոչելու փորձերը, ակտիվորեն օգտագործվում է ազգայնականության ու ծայրահեղականության «քարտեզը», զինված հակամարտություններ են բորբոքվում, որոնք ուղիղ սպառնալիք են ԱՊՀ բոլոր անդամների անվտանգությանը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ աշխարհը բազմաբևեռ է դառնում, սակայն որոշ երկրներ շարունակում են ընդդիմանալ դրան։
«Մեր աչքի առջև աշխարհը փոխվում է և իսկապես բազմաբևեռ է դառնում, սակայն միջազգային հանրության որոշ ներկայացուցիչներ փորձում են ամեն գնով պահպանել իրենց երերվող հեգեմոնիան, լայնորեն կիրառել քաղաքական, ռազմական, տնտեսական ու ինֆորմացիոն գործիքներ ու այլ մեթոդներ՝ միտված ռազմավարական կայունության մեխանիզմների խաթարմանը, իրենց քաղաքականությանն անհամաձայնություն հայտնողների նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ սահմանելուն»,- ասել է Պուտինը։