Օգոստոսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարությունից:
Նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիական կողմին Կորսիկայում օգոստոսի 18-ին փոթորիկի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նախարար Կոլոննան իր հերթին ցավակցություն է հայտնել հայկական կողմին Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկային զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ։ Այս համատեքստում պատրաստակամություն է հայտնվել գործուն քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցության հետագա խորացման և կոնկրետ նախագծերի կյանքի կոչման միջոցով երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային խաղաղության հաստատման շուրջ հայկական կողմի մոտեցումները։
Կողմերն ընդգծել են Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանք հայրենադարձման, բռնի անհետացածների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման անհրաժեշտությունը։