Հակակոռուպցիոն և վարչական մասնագիտացման բաժինների համալրման անհրաժեշտություն կա․ ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 18-ին որոշում է ընդունել, որում ասվում է․

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է ըստ քրեական, քաղաքացիական, վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացումների: Քաղաքացիական մասնագիտացման բաժնում ներառվում է նաև սնանկության մասնագիտացումը: Հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվում են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով նաև դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը, համապատասխան մասնագիտացման դատավորների առկա և կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը և այլ այնպիսի հանգամանքներ, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության: Համալրումը կարող է իրականացվել համալրման ենթակա տեղերի քանակով՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում, կամ առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Եթե դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը չորսով, իսկ վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններում՝ երկուսով, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին: Նշված քանակի մեջ չեն հաշվարկվում դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված այն անձինք, որոնք իրենց նշանակման առաջարկության վերաբերյալ հայտնել են անհամաձայնություն հղիության և ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու հետ կապված արձակուրդում լինելու պատճառով: Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը յոթական թեկնածուով, իսկ վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններում՝ երկուական թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով:

Օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Արդարադատության ակադեմիայում ուսուցումն ավարտած դատավորների թեկնածուների հավակնորդներին ներառում է դատավորների թեկնածուների ցուցակներում՝ ըստ համապատասխան մասնագիտացումների:

 ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված և 29․10.2021 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում, հակակոռուպցիոն դատարանի դատավորի, ինչպես նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորների թափուր պաշտոնների համալրումն իրականացվում է սույն հոդվածի 16-րդ մասով սահմանված՝ դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուներից, իսկ ցուցակն սպառվելու դեպքում՝ Օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները։

Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 2022 թվականի օգոստոսի 5-ի «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու և հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-77-Ո-251 որոշմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնում ընդգրկվել է 1 անձ, որը ներկայումս Արդարադատության ակադեմիայում անցնում է ուսուցում, հետևաբար, վերջինս, որպես դատավորի թեկնածու, չի կարող ընդգրկվել կատարվելիք հաշվարկում:

Խորհուրդն արձանագրում է, որ 18.08.2022 թվականի դրությամբ դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնում ընդգրկված է 1 թեկնածու, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնում՝ 0 թեկնածու:

  Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինը համալրել 2, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինը՝ 3 թեկնածուով՝ հիմքում դնելով հետևյալ հաշվարկը.

           – հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժին – (2 /ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակ/ + 0 /18.08.2022 – 18.08.2023թթ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 0 /18.08.2023 – 18.08.2024թթկանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 1 /Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջ/) – 1 /ներկա պահին դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակ/ = 2):

 հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժին  (2 /ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակ/ + 0 /18.08.2022 – 18.08.2023թթ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 0 /18.08.2023 – 18.08.2024թթ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 1 /Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջ/) – 0 /ներկա պահին դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակ/ = 3):

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը և 95-րդ հոդվածի 2-րդ մասը` Բարձրագույն դատական խորհուրդը

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Հաստատել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտ թվաքանակը, համապատասխանաբար`

  •  հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժին՝ 2 (երկու) թեկնածու,
  •  հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժին՝ (երեք) թեկնածու,

2. Արձանագրել, որ առկա է դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինն առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման համալրելու անհրաժեշտություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել