Դատական օրենսգրքում նոր փոփոխություններ են նախատեսվում․ նախարարությունը նախագիծ է ներկայացրել

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումների կատարելու վերաբերյալ նոր փաթեթ։

Նախագծի ընդունման արդյունքում՝

1. Սահմանվելու են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ներկայացվող հաղորդումներին ներկայացվող պահանջները:

2. Նախատեսվելու է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հարցի քննության արդյունքով կայացվող որոշումների, ինչպես նաև դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումների բողոքարկման հնարավորություն:

3. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը իրականացնելու է Բարձրագույն դատական խորհրդի 4 անդամ ընդգրկող կազմը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությամբ զբաղվող Բարձրագույն դատական խորհրդի կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր և ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված երկուական անդամներ:

4. Կարգապահական վարույթ հարուցող մարմնի և Բարձրագույն դատական խոհորդի համար հնարավորություն է նախատեսվելու հարուցված կարգապահական վարույթները և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված երկու և ավելի միջնորդությունները միավորելու մեկ վարույթում:

5. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումներն ուժի մեջ են մտնելու հրապարակման պահից մեկ ամիս հետո:

6. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացնելու է Բարձագույն դատական խորհուրդը՝ տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկած անդամների կազմով:

7. Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության հարցի մասին որոշումների դեմ բողոքի քննությունը իրականացնելու է նույն ընթացակարգով և երաշխիքների պահպանմամբ, ինչ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը:

8. Բողոքի քննության համար նախատեսվելու է մեկամսյա ժամկետ, որի արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարողանալու է վերացնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը և մերժելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, նշանակելու կարգապահական տույժի այլ տեսակ, վերացնելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումը և դատավորին ենթարկելու կարգապահական պատասխանատվության և որոշումը թողնել անփոփոխ:

9. Բողոքի քննության արդյունքում Բարձագույն դատական խորհրդի կայացրած որոշումը լինելու է վերջնական և ենթակա չի լինելու բողոքարկման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել