Բժիշկները մասնագիտական կարծիք են ներկայացրել առ այն, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա են բարդություններ. Էրիկ Ալեքսանյան

Աղվան Հովսեփյանի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել էր մինչև 31.6 մմոլ/լ-ի, ինչը կարող է նաև կրկնվել։

Այս մասին հայտնում է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Բժիշկները մասնագիտական կարծիք են ներկայացրել առ այն, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա են դիաբետի դեկոմպենսացիայի հետևանքով առաջացած քրոնիկական բազմաթիվ բարդություններ, մեծ է հավանականությունը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման՝ ընդհուպ մինչև 31 և ավել մմոլ/լ, որը կարող է հանգեցնել կոմայի, ինչը ծանր վտանգ է համարվում մարդու առողջության և կյանքի համար։

Այս հանգամանքով պայմանավորված՝ միջնորդություն ենք ներկայացրել դատարան՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման փոփոխման հարցը քննարկման առարկա դարձնելու համար»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության` քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն ՀՀ դրամ գույքի հափշտակություն:

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու հոդվածով: Աղվան Հովսեփյանը կալանավորվել էր 2021 թվականի սեպտեմբերի 8-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել