Սահմանվել են շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները

Հուլիսի 21-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով սահմանել է  շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները։

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշումն ուժի մեջ մտավ այսօր, հուլիսի 24-ին։

ԿԱՆՈՆՆԵՐ
ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ԳԼՈՒԽ 1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոններով (այսուհետ` կանոններ) սահմանվում են շարժասանդուղքների արտադրական վտանգավոր օբյեկտների (այսուհետ` ԱՎՕ) անվտանգ շահագործման տեխնիկական կամ արդյունաբերական անվտանգության նվազագույն պահանջները՝ նպատակաուղղված շարժասանդուղքներից օգտվող մարդկանց փոխադրման ժամանակ տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի, պատահարների նախազգուշացմանը և կանխարգելմանը, այդ վթարների հետևանքով մարդկանց կյանքի ու առողջության պաշտպանության, գույքի և շրջակա միջավայրի պահպանության վրա հնարավոր բացասական ազդեցությունների ու վտանգավոր ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև շարժասանդուղքների տեղակայման, հավաքակցման, կարգաբերման, կարգավորման, արդիականացման (վերակառուցման), նորոգման, փորձարկման և շահագործման հետ կապված աշխատողների կյանքի ու առողջության պաշտպանությանը:

2. Կանոնների պահանջները տարածվում են նախագծվող, պատրաստվող, վերակառուցվող և գործող՝

1) ստորգետնյա շարժասանդուղքների վրա.
2) վերգետնյա շարժասանդուղքների վրա:

3. Կանոնները նախատեսված են տեխնիկական անվտանգության ոլորտում շարժասանդուղքների հետ կապված ցանկացած գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական և սեփականության ձևերից) կողմից կիրառման համար,այդ թվում`

1) շարժասանդուղքների համար նախատեսված շենքերի, շինությունների և սենքերի կառուցման, շարժասանդուղքների կառուցվածքի մեջ մտնող սարքավորումների, շարժաբերների, սանդուղքաժապավենի (բազրեփոկի), ուղղորդիչների, մետաղական կառուցվածքների (կոնստրուկցիաների) և այլ սարքերի նախագծման, հավաքակցման, շահագործման, վերակառուցման, նորոգման, փորձարկման, զննման, ստուգման, կոնսերվացման և օգտահանման ժամանակ.

2) շարժասանդուղքները, որպես ԱՎՕ, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի №1359-Ն որոշումով սահմանված կարգով արդյունաբերական կամ տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացման ժամանակ։

ԳԼՈՒԽ 2․ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

4. Սույն կանոններում կիրառվում են հետևյալ հասկացություններն իրենց սահմանումներով `

1) շարժասանդուղք` սանդուղքաժապավենի փակ սարքաշղթայով ամբարձիչափոխադրամիջոցային սարքվածք` նախատեսված մարդկանց մի մակարդակից մեկ այլ մակարդակ տեղափոխելու համար,
2) շարժասանդուղքի թեք հենարան` շարժասանդուղքի թեք մասում սանդուղքների երեսարկների առջևի եզրերով անցնող հարթություն,
3) շարժասանդուղքի հորիզոնական հենարան` շարժասանդուղքի վերևի (ներքևի) մուտքային հարթակների հորիզոնական մակերևույթով անցնող հարթություն,
4) շարժասանդուղքի վերևի (ներքևի) ուղղաձիգ հենարան` թեք և հորիզոնական հենարանների հատման գծով անցնող ուղղաձիգ հարթություն,
5) շարժասանդուղքի պատասխանատու եռակցման կառուցվածքներ` շարժասանդուղքի աստիճանների հիմնակմախքի (կարկաս), մեքենայական սրահի, ամբարձիչ սարքավորումների, աստիճանաժապավենային ուղղորդիչների, արգելակման համակարգի և այլ բաղկացուցիչ մասերի եռակցման կառուցվածքներ, որոնք հանդիսանում են շարժասանդուղքի անվտանգ շահագործման համար տեխնիկական պատասխանատվության բարձր աստիճան ունեցող հաշվարկային կառուցվածքներ,
6) շարժասանդուղքների համալիր` մեքենայական ընդհանուր սրահով շարժասանդուղքներ` տեղակայված մեկ ընդհանուր թեքամուտքով անցարանում,
7) շարժասանդուղքի արգելափակում` շարժասանդուղքի շարժաբերի միացումն արգելափակող գործառույթների կատարում,
8) շարժասանդուղքի թեքության անկյուն` շարժասանդուղքի թեք և հորիզոնական հենարանների միջև եղած անկյունը,
9) շարժասանդուղքի թողունակություն՝ ուղևորների թիվը, որը կարող է միավոր ժամանակում փոխադրվել շարժասանդուղքով,
10) շարժասանդուղքի անվանական արագություն` սահմանված գործելակարգով սանդուղքաժապավենի շարժման արագությունն առանց բեռնվածքի աշխատանքի դեպքում,
11) շարժասանդուղքի շահագործման արագություն` սահմանված գործելակարգով շարժասանդուղքի անվանական արագությունը շահագործման առավելագույն բեռնվածության տակ՝ գլխավոր շարժաբերից աշխատելու դեպքում,
12) շարժասանդուղքի շահագործման առավելագույն բեռնվածություն` շարժասանդուղքի սանդուղքաժապավենի 1 մ երկարության վրա ուղևորներից առավելագույն հնարավոր բեռնվածությունը,
13) շարժասանդուղքի սանդուղքաժապավենի ազատ ընթացք՝ առանց բեռնվածքի սանդուղքաժապավենի իներցիայով անցած տարածությունը` գլխավոր շարժաբերի էլեկտրաշարժիչի անջատումից հետո` անջատված աշխատանքային և վթարային արգելակների դեպքում,
14) շարժասանդուղքի սանդուղքաժապավենի աստիճանի փռվածքի լայնություն`
շարժասանդուղքի աստիճանի կողային ճակատների միջև եղած տարածությունը,
15) շարժասանդուղքի սանդուղքաժապավենի աստիճանի բարձրություն` շարժասանդուղքի սանդուղքաժապավենի թեք տեղամասում երկու հարակից աստիճանների փռվածքների վերևի մակերևույթների միջև եղած տարածությունը,
16) շարժասանդուղքի սանդուղքաժապավենի աստիճանի խորություն` շարժասանդուղքի սանդուղքաաստիճանի փռվածքի առջևի և հետևի ճակատների միջև եղած տարածությունը,
17) վերգետնյա շարժասանդուղք` շենքերի և շինությունների հարկերի միջև տեղակայման համար նախատեսված շարժասանդուղք,
18) ստորգետնյա շարժասանդուղք` թունելներում (ստորգետնյա սրահներում) տեղակայման համար նախատեսված շարժասանդուղք,
19) մեկ շարժաբերով շարժասանդուղք`շարժասանդուղք, որի աշխատանքային մեխանիզմը գործի է դրվում մեկ շարժաբեր լիսեռով,
20) մոդուլային շարժասանդուղք` շարժասանդուղք, որը կազմված է մի քանի հաստատուն կառուցվածքային տարրերից` մոդուլներից, որոնց աշխատանքային մեխանիզմները գործի են դրվում համաժամ աշխատող անկախ շարժաբեր լիսեռներով,
21) մեկ արագությամբ շարժասանդուղք` շարժասանդուղք, որն ունի շահագործման մեկ արագություն,
22) մի քանի արագություն ունեցող շարժասանուղք` շարժասանդուղք, որն ունի շահագործման երկու և ավելի արագություններ,
23) թեք շարժասանդուղք` շարժասանդուղք, որի սանդուղքաժապավենի ուղղորդիչների ուղեգծի միջին մասը տեղակայված է հորիզոնական հենարանի նկատմամբ ուղղագիծ դիրքով,
24) շարժասանդուղքի գլխավոր լիսեռ` սանդուղքաժապավենի ձգող աստղանիվներին շարժում հաղորդող լիսեռ,
25) շարժասանդուղքի գլխավոր շարժաբեր` շարժաբեր, որը նախատեսված է շարժասանդուղքի սանդուղքաժապավենի տեղաշարժման համար` ուղևորների փոխադրման ժամանակ,
26) շարժասանդուղքի օժանդակ շարժաբեր` շարժաբեր, որը նախատեսված է հավաքակցման, ապահավաքակցման, տեխնիկական սպասարկման, ինչպես նաև վթարային արգելակի գործարկման կամ արգելակման ժամանակ շարժասանդուղքի սանդուղքաժապավենի տեղաշարժման համար,
27) շարժասանդուղքի աշխատանքային արգելակ` սարքվածք, որը նախատեսված է շարժասանդուղքի սանդուղքաժապավենի կանգնեցման համար` էլեկտրաշարժիչի անջատման դեպքերում,
28) շարժասանդուղքի վթարային արգելակ` սարքվածք, որը նախատեսված է շարժասանդուղքի սանդուղքաժապավենի կանգնեցման համար` արագության բլոկավորման գործարկման և շարժման ուղղության ինքնակամ փոփոխության, ինչպես նաև աշխատանքային արգելակի խափանման դեպքերում,

29) շարժասանդուղքի սանդուղքաժապավեն` շարժասանդուղքի բեռընկալ տարր, որը կազմված է քարշող շղթաներով միավորված աստիճաններից,
30) շարժասանդուղքի աստիճան` սանդուղքաժապավենի մաս, որը նախատեսված է ուղևորների տեղակայման համար,
31) շարժասանդուղքի աստիճանի հիմնական վազկանիկ ՝ ուղղորդիչով աստիճանի գլորման հենարան, որն իր վրա է ընդունում բեռնվածքը` ուղևորներից և սանդուղքաժապավենից,
32) շարժասանդուղքի օժանդակ վազկանիկ` ուղղորդիչով աստիճանի գլորման հենարան, որն իր վրա է ընդունում բեռնվածքը` ուղևորներից և աստիճաններից,
33) շարժասանդուղքի աստիճանի փռվածք` ելուստների և իջվածքների տեսքով աստիճանի ակոսավոր մակերևույթ, որն ապահովում է ուղևորների մուտքի և ելքի անվտանգությունը սանդուղքաժապավենից,
34) շարժասանդուղքի սանդուղքաժապավենի (բազրեփոկի) ուղեգիծ` սանդուղքաժապավենի (բազրեփոկի) հիմնական և օժանդակ վազկանիկների ուղղորդիչների, հակադարձ ուղղորդիչների ամբողջություն, որն ապահովում է սանդուղքաժապավենի (բազրեփոկի) տեղաշարժումը` տրված հետագծով,
35) շարժասանդուղքի սանդուղքաժապավենի հորիզոնական հատված` մուտքի հարթակների առջևում սանդուղքաժապավենի հատվածը` նախատեսված ուղևորների մուտքի և ելքի անվտանգության ապահովման համար,
36) շարժասանդուղքի լողացող մուտքի հարթակ` մուտքի հարթակ, որն աստիճանների փռվածքի նկատմամբ ունի տեղաշարժման հնարավորություն,
37) շարժասանդուղքի անշարժ մուտքի հարթակ` մուտքի հարթակ, որն աստիճանների փռվածքի նկատմամբ չունի տեղաշարժման հնարավորություն,
38) շարժասանդուղքի աստիճանի (բազրեփոկի) ուղղորդիչ` սանդուղքաժապավենի (բազրեփոկի) ուղեգծի տարր` բաղկացած աշխատանքային և ոչ աշխատանքային ճյուղերից,
39) շարժասանդուղքի հիմնային (բազային) ուղղորդիչ` վազկանիկների ուղղորդիչ` տեղակայված հիմնական աշխատանքային ճյուղի վրա,
40) շարժասանդուղքի պարուրող ուղղորդիչ` աշխատանքային և ոչ աշխատանքային ճյուղերի միջև օժանդակ վազկանիկների ուղղորդիչների անցումային շառավղային հատվածներ,
41) սանդուղքաժապավենի աշխատանքային ճյուղ` սանդուղքի ժապավեն` տեղակայված ուղևորների գոտում,
42) աստիճանի (բազրեփոկի) ուղղորդիչի աշխատանքային ճյուղ` ուղղորդիչ` տեղակայված ուղևորների գոտում,
43) աստիճանի (բազրեփոկի) ուղղորդիչի ոչ աշխատանքային ճյուղ` ուղղորդիչներ, որոնք ծառայում են սանդուղքաժապավենի աստիճանների (բազրեփոկի) շրջապտույտի համար,
44) աստիճանի հակաուղղորդիչ` սանդուղքաժապավենի ուղեգծի տարր` նախատեսված աստիճանի շրջումը, պատահական բարձրացումը կանխարգելելու և ձգող շղթայի խզման դեպքում` ժապավենի ներսում դրա ծալումը խոչընդոտելու համար,

45) աստիճանի ուղղորդիչների շրջակող` աստիճանի ուղղորդիչների ուղեգծի տարր` նախատեսված ուղեգծով շարժման ժամանակ աստիճանների լայնական շեղումը սահմանափակելու համար,
46) աստիճանի ուղղորդիչների սահուն մուտք` աստիճանի ուղղորդիչների տարր` նախատեսված աստիճանների հիմնական վազկանիկների սահուն անցումն ուղղորդիչների վրա ապահովելու համար,
47) շարժասանդուղքի ճաղաշարք` վահանակների, քիվերի և այլ տարրերի ամբողջություն, որոնք անվտանգության ապահովման նպատակներով ուղևորներին զատում են մեխանիզմներից ու մետաղական կառուցվածքներից և ծառայում ինտերիերի ստեղծման համար,
48) միջին ճաղաշարք` ճաղաշարքի մաս` տեղակայված երկու հարակից շարժասանդուղքների քիվերի միջև,
49) եզրային ճաղաշարք` ճաղաշարքի մաս` տեղակայված եզրային շարժասանդուղքի և շինարարական կառույցների միջև,
50) արտաքին ճաղաշարք` ճաղաշարքի մաս` տեղակայված ուղևորների մուտքի և ելքի տեղերում, որը հարում է նախասրահի հատակին և եզրային ճաղաշարքին այն դեպքում, եթե վերջինս ունի շինարարական կառույցից ազատ կանգնած կատարում,
51) կողային ճաղաշարք` ճաղաշարքի մաս` տեղակայված սանդուղքաժապավենի երկու կողմից, ծածկոցի կամ շրիշակի (պլինտուս) և քիվի միջև,
52) ճաղաշարքի քիվ` ճաղաշարքի տարր, որին ամրացվում են բազրեփոկի ուղղորդիչները և ճաղաշարքի վահանները․
53) ճաղաշարքի շրիշակ` ճաղաշարքի տարր` տեղակայված ծածկոցի վերևում, որին ամրացվում են ճաղաշարքի վահանակները,
54) ճաղաշարքի ծածկոց` ճաղաշարքի ներքևի ուղղաձիգ մաս, որը տեղակայված է սանդուղքաժապավենի ուղեգծի երկայնքով` աստիճանների մակարդակի վրա և նախատեսված է աստիճանի և ճաղաշարքի միջև բացակի կարգավորման համար,
55) ճաղաշարքի ճեղքակալ` ճաղաշարքի տարր, որը փակում է ճաղաշարքի հարակից վահանակների միջև բացակը,
56) շարժասանդուղքի բազրեփոկային սարքվածք` բլոկների, ուղղորդիչների, շարժաբերի և պահող հոլովակների ամբողջություն, որն ապահովում է բազրեփոկի տեղաշարժն ուղեգծով,
57) շարժասանդուղքի բազրեփոկ` բազրեփոկային սարքվածքի ուղեգծով տեղաշարժվող անընդհատ ժապավեն, որը նախատեսված է ուղևորների ձեռքերի հենարանի համար,
58) շարժասանդուղքի բազրեփոկի ելանցք` սարքվածք` տեղակայված բազրեփոկի աշխատանքային ճյուղից ոչ աշխատանքային ճյուղ անցնելու տեղում,
59) բազրեփոկի կողեզր` բազրեփոկի մաս` նախատեսված աշխատանքային ճյուղով շարժվելու դեպքում բազրեփոկը պահելու համար,
60) շարժասանդուղքի բազրեփոկի արտաձգման արգելափակում` արգելափակում, որը խզման կամ բազրեփոկի առավել ձգվածքի դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
61) շարժասանդուղքի բազրեփոկի անջատման արգելափակում` արգելափակում, որը բազրեփոկի կանգնելու կամ արագության փոքրացման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,

62) շարժասանդուղքի ձգող սարքի արգելափակում` արգելափակում, որը ձգող սարքի աստղանիվների տեղափոխման կանոնակարգված մեծությունների գերազանցման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
63) շարժասանդուղքի վթարային արգելակի պտուտակի և մանեկի արգելափակում` արգելափակում, որը վթարային արգելակի մանեկի ինքնաբերաբար կամ կանոնակարգված մեծությունը գերազանցող պտուտակահանման կամ վթարային արգելակի պտուտակի կանոնակարգված հարաչափից ավելի դուրս գալու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
64) շարժասանդուղքի վթարային արգելակի հենակի արգելափակում` արգելափակում, որը վթարային արգելակի միացման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
65) շարժասանդուղքի աշխատանքային արգելակի արգելափակում` արգելափակում, որն արգելակի կոճղակների վերադրման դեպքում և էլեկտրամագնիսի խարսխի կանոնակարգված մեծություններից պակաս ընթացքի դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
66) շարժասանդուղքի մուտքի հարթակի արգելափակում` արգելափակում, որը մուտքի հարթակի բարձրացման կամ երկայնական առանցքի երկայնքով տեղաշարժման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
67) ելանցքի արգելափակում` արգելափակում, որը բազրեփոկային սարքի ելանցքի մեջ կողմնակի առարկաներ հայտնվելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
68) «Կանգ» արգելափակում` արգելափակում, որը շարժասանդուղքների միջև անցումի տեղում կամ ճաղաշարքի վահանակների հետևում ցանկացած տեղում անձնակազմի կողմից անջատիչի վրա ներազդելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
69) «Կանգ» անջատիչ` անջատիչ, որն անձնակազմի կամ ուղևորի կողմից անջատիչի վրա ներազդելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
70) շարժասանդուղքի շարժման արագության և ուղղության արգելափակում` արգելափակում, որը միացնում է վթարային արգելակը սանդուղքաժապավենի արագությունը 30 տոկոսով ավելացման դեպքում` շարժասանդուղքը վայրէջքով աշխատելու ժամանակ կամ սանդուղքաժապավենի շարժման ուղղության ինքնաբերաբար փոփոխման դեպքում` շարժասանդուղքը վերելքով աշխատելու ժամանակ, ինչպես նաև աշխատանքային արգելակով սանդուղքաժապավենը չպահելու դեպքում,
71) շարժասանդուղքի շարժաբերի արգելափակում` արգելափակում, որը բացառում է գլխավոր և օժանդակ շարժաբերների համատեղ աշխատանքը,
72) շարժասանդուղքի աստիճանի բարձրացման արգելափակում` սարքվածք, որը մուտքի հարթակների առջև աստիճանի բարձրացման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
73) շարժասանդուղքի աստիճանի իջեցման արգելափակում` արգելափակում, որն աստիճանի իջեցման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
74) շարժասանդուղքի աստիճանի վազկանիկների արգելափակում` արգելափակում, որն աստիճանի վազկանիկների օղագոտու դուրս ընկնելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
75) շարժասանդուղքի բազրեփոկի դուրսընկնման արգելափակում` արգելափակում, որը ներքևի կորագիծ տեղամասում ուղղորդիչներից բազրեփոկի դուրս ընկնելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,

76) շարժասանդուղքի էլեկտրասնուցման փոխարկման արգելափակում` արգելափակում, որն ուժային էլեկտրական շղթայի փոխարկման ժամանակ անձնակազմի սխալ գործողությունների դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
77) շարժասանդուղքի վրա ուղևորի ընկնելու դեպքում արգելափակում` արգելափակում, որը վերևի կամ ներքևի մուտքի հարթակների մոտ ուղևորի ընկնելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
78) շարժաբեր շղթայի արգելափակում` արգելափակում, որը շարժաբեր շղթայի խզման կամ առավել ձգման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը,
79) շարժասանդուղքի մեքենայական սրահ` վերևի նախասրահի հատակի տակ տեղակայված շինություն` նախատեսված ստորգետնյա շարժասանդուղքի էլեկտրաշարժաբերի, ամբարձիչ սարքավորման տեղակայման համար, ինչպես նաև օժանդակ շինություններ` շարժասանդուղքի տեխնիկական սպասարկումն ապահովելու համար,
80) շարժասանդուղքի ձգման խցիկ` ներքևի նախասրահի հատակի տակ տեղակայված շինություն` նախատեսված ստորգետնյա շարժասանդուղքի ձգման սարքի տեղակայման և սպասարկման համար,
81) շարժասանդուղքային թունել` շինություն` նախատեսված շարժասանդուղքի թեք հատվածի տեղակայման համար,
82) շարժասանդուղքի հավաքակցման և ապահավաքակցման խցիկ` մեքենայական սրահին անմիջապես մոտ տեղակայված, ինքնուրույն ելք ունեցող շինություն` նախատեսված հավաքակցման և ապահավաքակցման աշխատանքների կատարման համար,
83) շարժասանդուղքի արդիականացում (վերակառուցում)` շարժասանդուղքի գործունեության բարելավման համար կրող կառուցվածքների և հիմնական տարրերի փոխարինում կամ վերափոխում, որը փոփոխում է շարժասանդուղքի արտադրման գործարանային անձնագրային բնութագրերը,
84) շարժասանդուղքի գոտիներ` շարժասանդուղքի բաղկացուցիչ մասեր, որոնք կցում են հավաքակցման ժամանակ: Շարժասանդուղքի գոտիներն են`
ա. «Ա» գոտի` շարժասանդուղքի գոտի, որը ներառում է ուղղորդիչների կորագիծ տեղամասը և ձգող սարքը,
բ. «Բու» գոտի` շարժասանդուղքի գոտի, որը տեղակայված է «Ա» գոտուց վերև և ներառում է ուղղագիծ ուղղորդիչներն ու հակադարձ ուղղորդիչները,
գ. «Բ» գոտի` շարժասանդուղքի գոտի, որը տեղակայված է «Բու» գոտուց վերև, ներառում է ուղղագիծ ուղղորդիչները,
դ. «Գ» գոտի` շարժասանդուղքի գոտի, որը տեղակայված է «Բ» գոտուց հետո, ներառում է տրված երկարությամբ ուղղագիծ ուղղորդիչները,
ե. «Դ» գոտի` շարժասանդուղքի վերևի գոտի, որը տեղակայված է «Գ» գոտուց հետո, ներառում է ուղղորդիչների վերևի կորագիծ տեղամասը և բազրեփոկի շարժաբերը,
զ. «Ե» գոտի` շարժասանդուղքի լրացուցիչ (միջանկյալ) գոտի, որը տեղակայված է «Դ» գոտուց հետո,
է. «Զ» գոտի` շարժասանդուղքի շարժաբերային գոտի, որը տեղակայված է «Դ» գոտուց
հետո,
ը. «Զե» գոտի` երկարացված շարժասանդուղքի շարժաբերային գոտի, որը
տեղակայված է «Ե» գոտուց հետո,

թ. «Ժ» գոտի` վերգետնյա շարժասանդուղքի շարժաբերի գոտի:

Շարունակությունը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել