Թ.Ենոքյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Երևան քաղաքի բնակչուհի Թ.Ենոքյանի՝ ՀՀ դատախազությունից ստացված, ինչպես նաև վերջինիս մոր կողմից տրված հաղորդումներում մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Մասնավորապես, Երևան քաղաքի բնակչուհի Ենոքյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022թ. հունիսի 29-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, գտնվելով իր բնակարանում, լսել է կրակոցի ձայն, իսկ ժամեր անց՝ ժամը 06:30-ի սահմաններում, նկատել է, որ հյուրասենյակի պատուհաններից մեկի ապակին կոտրված է:

Բացի այդ, 2022թ. հուլիսի 12-ին Ենոքյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022թ. հուլիսի 12-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, հրացանով կրակել են իր՝ Երևան քաղաքի Շոպրոնի 4 շենքի թիվ 26 բնակարանի հյուրասենյակի պատուհանին, որի հետևանքով իրեն պատճառվել է 50.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Վերոնշված հաղորդումների հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Հավելենք նաև, որ ամիսներ առաջ տրված մեկ այլ հաղորդմամբ Ենոքյանի մայրը տեղեկացրել էր, որ սույն թվականի մարտի 6-ին՝ ժամը 13:00-ից մինչև մարտի 9-ը՝ ժամը 10:20-ն ընկած ժամանկահատվածում, անհայտ անձն այրել է իրենց բնակարանի մուտքի դռան ներքևի հատվածը՝ պատճառելով գույքային վնաս: Այդ դեպքի առթիվ դեռևս 2022թ. մարտի 17-ին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հարուցվել էր քրեական գործ:

Նկատի ունենալով, որ միմյանց հետ փաստական հանգամանքներով կապված քրեական վարույթներով առկա է պատշաճ և համակողմանի քննություն ապահովելու անհրաժեշտություն, որոշում է կայացվել՝ նշված քրեական վարույթները միացնելու մասին:

Դեպքերի առթիվ կատարված վարութային և քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է Թ.Ենոքյանի նախկին նշանածը, ով հարցաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել