Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։
Այս փոփոխության վերաբերյալ մի շարք հարցեր են առաջացել քաղաքացիների մոտ։
Հարկ է նաև նշել, որ առանձին գործարքների, օրինակ՝ կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում՝ խորհրդատվական բնույթի այլ ծառայությունների դիմաց կատարվող վճարները, անկախ գումարային մեծությունից, պետք է ամբողջությամբ անկանխիկ իրականացվեն։ Անկանխիկ են լինելու նաև աշխատավարձերի վճարումները, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից վարկերի և փոխառությունների տրամադրումը: Տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները ևս կատարվելու են անկանխիկ եղանակով:
Iravaban.net-ը Կենտրոնական բանկից որոշ պարզաբանումներ է տեղեկացել․ այսպիսով՝ որքա՞ն են կազմելու անկանխիկ գործարքների դիմաց առևտրային բանկերին վճարվող միջնորդավճարները:
Նախ՝ պետք է հասկանալ, որ առևտրային բանկերը գործում են ազատ մրցակցային դաշտում և ազատ են սահմանելու իրենց կողմից մատուցվող ծառայությունների գները, այս դեպքում՝ անկանխիկ գործառնությունների իրականացման դիմաց գանձվող միջնորդավճարները: Մյուս կողմից, սակայն, հարկ է նշել, որ առևտրային բանկերը տվյալ ծառայությունները մատուցելիս ևս իրականացնում են բազմաթիվ ծախսեր, այդ թվում՝ միջազգային վճարահաշվարկային համակարգերին միջնորդավճարների վճարման, կիբեռանվտանգության պահպանման համար և այլն:
Ամեն դեպքում, Օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաև դրանց վճարման դեպքերը, կարգը և պայմանները: Այս առումով, ներկայումս Կենտրոնական բանկը շարունակում է ուսումնասիրել ՀՀ բանկերի կողմից գանձվող միջնորդավճարների սահմանաչափերը և աշխատանքներ է իրականացնում դրանց օպտիմալացման ուղղությամբ՝ հաշվի առնելով Օրենքի պահանջներին տնտեսվարողների՝ հնարավորինս անցնցում կերպով համապատասխանության ապահովման անհրաժեշտությունը:
Արդեն իսկ արձանագրվում է միջնորդավճարների նվազման միտումներ: Մասնավորապես, ծրագրին մասնակից բանկերում ArCa վճարային քարտերի համար միջնորդավճարը սահմանվել է 1%, Արմենիան Քարդ պրոցեսինգային կենտրոնի անդամ բանկերի VISA և MasterCard քարտերի համար՝ 1.8%, Արմենիան Քարդ պրոցեսինգային կենտրոնի անդամ չհանդիսացող բանկերի VISA և MasterCard քարտերի համար (ներառում է նաև ոչ ռեզիդենտ բանկերի կողմից թողարկված քարտերը)՝ 2.5%:
Մյուս կողմից, հավատացած ենք, որ անկանխիկ գործառնությունների ծավալի աճին զուգընթաց կարող են ստեղծվել ավելի բարենպաստ պայմաններ միջնորդավճարները նվազեցնելու համար:
Ո՞վ է վճարելու միջնորդավճարներն անկանխիկ գործարքների դիմաց
ՀՀ քաղաքացիները որևէ միջնորդավճար չեն վճարելու: Այս հարցը գտնվում է տնտեսվարողների և բանկերի միջև առկա պայմանագրային հարաբերությունների տիրույթում:
Սակայն, առաջին հայացքից թվում է, թե անկանխիկի անցումն ինքնին ենթադրում է ծախս ու կարող է բերել գների բարձրացման և, բնականաբար, կարող է հարց առաջանալ՝ իսկ եթե ապրանքների և ծառայությունների գները բարձրանա՞ն: Այստեղ կարևոր է հասկանալ, որ բուն անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացման և դրանց սպասարկման ծախսերը, ինչպես նշվել է, զգալի չեն: Միևնույն ժամանակ, առանձին տնտեսվարողներ կարող են որպես այս գործընթացի ապահովման ծախս ներկայացնել նաև վերջիններիս ստվերից դուրս գալու հետ կապված ծախսերը: Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ նման զարգացումները տեղի են ունենալու հիմնականում մանրածախ առևտրի ոլորտում, որտեղ մրցակցությունը բավականին սուր է, այդ առումով մրցակցությունը պետք է, որ չհանգեցնի հավելյալ չհիմնավորված գնաճային երևույթների:
Չի բացառվում, սակայն, որ առանձին տնտեսվարողներ փորձեն բարձրացնել ապրանքների գները՝ հակամրցակցային համաձայնություների միջոցով: Նմանօրինակ չարաշահումներ նկատելու դեպքում հարկ է դիմել գների կարգավորմամբ զբաղվող պետական մարմին՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով: