ԱՊՊԱ պայմանագրի հետ կապված իրավախախտումների համար տուգանքի չափը որոշ դեպքերում 4 անգամ կնվազեցվի․ պատգամավոր

Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 6-ին, արտահերթ նիստին քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է ԱՊՊԱ պայմանագրերին։

Մասնավորապես՝ փոփոխություն և լրացում կկատարվի օրենսգրքի 129․2-րդ հոդվածում։

«Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ով նաև նախագծի հեղինակներից մեկն է, նշեց, որ Հայաստանում վարորդն առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում սահմանված 100 հազար դրամ տուգանքի 75 տոկոսից կազատվի, եթե 24 ժամվա ընթացքում ներկայացնի ԱՊՊԱ պայմանագիր։

«Որոշակի պայմանների առկայության դեպքում 4 անգամ նվազեցվում է վարչական տույժի չափը: Նշված հոդվածը պատասխանատվություն է նախատեսում այն սուբյեկտների համար, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր կամ տրանսպորտային միջոցը վարում են առանց ԱՊՊԱ պայմանագրի: Երկու փոփոխություն է արվել։ Առաջին փոփոխությամբ՝ առավելագույն 100 հազար դրամի փոխարեն քաղաքացիները կտուգանվեն 50 հազար դրամ այն դեպքում, եթե չունեն ԱՊՊԱ պայմանագիր, սակայն չեն վարել տրանսպորտային միջոցը:

Ներկայումս այս կարգավորումներով ՃՈ-ն տարվա մեջ 20 անգամ կարող է 5000-ական դրամի չափով տուգանք սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր․ ունեն տարնսպորտային միջոց, բայց չեն կնքել ԱՊՊԱ պայմանագիրը: Մենք նվազացրել ենք որոշումներ կայացնելու քանակը և սահմանել ենք տարեկան 10 անգամից ոչ ավելի, ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 50 հազար դրամը», – ասաց Արմեն Խաչատրյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելը տուգանվում է 100․000 դրամ, և կարծում են, որ տուգանքի չափը չի համապատասխանում արարքի վտանգավորության աստիճանին, անհամեմատ խիստ է։

«Սակայն, հաշվի առնելով, որ այդ իրավախախտման օբյեկտը ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունությունն է, հետևյալ կարգավորումն ենք առաջարկել, որ անձը ազատվում է տուգանքի 75 տոկոսի վճարման պարտականությունից, վճարում է ընդամենը 25 հազար դրամ այն դեպքում, եթե արձանգրությունը կազմելուց հետո 24 ժամվա մեջ ներկայացնում է ԱՊՊԱ պայմանագիր: Այսինքն, եթե ոստիկանությունն արձանագրում է այդ իրավախախտումը, որոշում է կայացնում 100․000 դրամ տուգանել և քաղաքացին 24 ժամվա մեջ ներկայացնում է ապացույց, որ ինքն արդեն ունի ԱՊՊԱ պայմանագիր՝ վճարում է 25 հազար դրամ՝ 4 անգամ պակաս, քան նախատեսված է այս պահի դրությամբ», – ասաց պատգամավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել