Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Աղվան Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունիսի 30-ին, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը։ Որոշումը հրապարակեց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Ավելի վաղ Աղվան Հովսեփյանի փաստաբանները հայտարարություն էին տարածել այն մասին, որ Աղվան Հովսեփյանը գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։

Պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է հրավիրել արտահերթ դատական նիստ և կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։ «Քանզի ստեղծված իրավիճակի պայմաններում Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլև իր մեջ պարունակում է խոշտանգման տարր»,- նշվում է փաստաբանները հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության` քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն ՀՀ դրամ գույքի հափշտակություն:

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու հոդվածով: Աղվան Հովսեփյանը կալանավորվել էր 2021 թվականի սեպտեմբերի 8-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել