Ջհանգիրյանը պիտի հեռանա, Փաշինյանը՝ բացատրություն տա. Արսեն Խառատյան

Հայաստանի դատական համակարգում հերթական ցնցումն է: Այս մասին հայտարարություն է տարածել հասարակական-քաղաքական գործիչ Արսեն Խառատյանը։

«Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահը, ով, ի դեպ, այդ պաշտոնում էր նշանակվել հետհեղափոխական Հայաստանում, նախօրեին հրապարակել է իր իսկ կողմից ձայնագրված խոսակցությունն այս համակարգի բացառիկ ցինիկներից մեկի՝ Գագիկ Ջհանգիրյանի հետ: Թե ի՞նչ կանի Ջհանգիրյանն այսօր, դեռ կտեսնենք, բայց սա, առաջին հերթին, եթե ոչ՝ բացառապես, պետության ղեկավար Փաշինյանի պատասխանատվությունն է:

Ջհանգիրյան Գագիկի հետ կապված՝ Հայաստանի քաղհասարակությունը որևէ պատրանք չունի: Այս մարդը եղել է 2004-ի Մատաղիսի հայտնի գործի հիմնական ճարտարապետը (որպես գլխավոր զինդատախազ, ապա՝ տեղակալ) և ապա, ավելի ուշ, մարտի 1-ից ու բանտից դուրս գալուց հետո, շարունակել է պաշտպանել իր դիրքորոշումը: Ասել է. «Լավ եմ արել, պետք էր մարդասպան «հերոս սպային» պաշտպանել, անգամ, եթե դա տեղի էր ունենում 3 ժամկետային զինծառայողի ճակատագրերը խեղելու գնով»: Մատաղիսի գործին անծանոթներին կխնդրեմ ծանոթանալ դրան, վարչապետ Փաշինյանը դրանից մանրամասն տեղյակ է, առնվազն «Հայկական Ժամանակ» թերթը այս գործով դատական նիստերը լուսաբանել է բազմիցս:

Վերադառնանք հրապարակվածին: Կարող ենք պնդել, որ Գագիկ Ջհանգիրյանն առանց ուղիղ մանդատի չէր կարող մարդկանց համոզել, թե կարող է ազատել քրեական պատասխանատվությունից, եթե այս կամ այն վարքագիծը դրսևորեն: Ավելին, եթե Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական չտա, ապա էլ ավելի մեծ հիմք ենք ունենալու պնդելու, որ սա Նիկոլ Փաշինյանի և գործող քաղաքական մեծամասնության քաղաքականությունն է, և ուրեմն, առաջիկայում դեռ տեսնելու ենք սխալներով առաջ շարժվելու սիրահար քաղաքական մեծամասնության կողմից ընտրված, «Ա1+» փակած ու 5000 դրամով ստուգարք ստացած ՍԴ անդամների հետ խոսակցության պատմություններ:

Տեղի ունեցածի վերաբերյալ բացատրություններ պիտի տրվեն, նախ և առաջ, Հայաստանի քաղաքացուն: Վենետիկի հանձնաժողովներին ու դատական համակարգի բարեփոխումները խրախուսող Արևմուտքին ինչ են ասելու, դժվար է պատկերացնել: Հետաքրքիր է լինելու նաև հետևել, թե զրույցի ինչ կետերով են գործող իշխանավորները բացատրելու իրենց վարքագիծը: Այլ իրավիճակում իրար հերթ չտվող պատգամավոր գործընկերները ևս առանձնապես իրենց չեն կոտորում հանրային տիրույթում: Ֆեյսբուքի ստատուսասիրությամբ աչքի ընկնողները գիտակցում են սխալի մագնիտուդն ու հասկանում, որ ճիշտը լռելն ու սպասելն է զրույցի կետերին:

Հարկ է նշել, որ այն, թե ինչպես է Ջհանգիրյանին ձայնագրողը այդ ձայնագրության ընթացքում իրեն պաշտոնի նշանակողի հետ ընկերություն խոստովանում՝ իմանալով, որ խոսակցությունը ձայնագրվում է, առնվազն էժանագին հնարք է: Այս ընկերության խոստովանությունը տեսել ենք նաև Ազգային Ժողովում, երբ արդեն նախկին նշանակողն այլևս այդ պաշտոնին չէր: Վարդազարյանն ու «ընկերները» թող իմանան, որ «չդավաճանողի»՝ իրենց այս կերպարին հանրությունը չի հավատալու, պարզ է, որ դուք պարզապես այլ տարբերակ չունեք պարոնայք:

Այս պատմության միակ լուծումը Ջհանգիրյան Գագիկի հեռացումն է համակարգից ու Նիկոլ Փաշինյանի բացատրությունը: Հակառակ պարագայում, «դատական համակարգի բարեփոխում» արտահայտությունն այս քաղաքական մեծամասնության կողմից որևէ արժեք չի ունենալու: 4 տարվա ընթացքում ակնհայտ է դարձել, որ անկարող եք, կամ, թերևս, չեք ցանկանում փոխել դատական համակարգը, ուստի այն ինչ-որ պահի կփոխի ձեզ…

Ի դեպ, արաբերենում կա ԿՂ (ق) տառ, որով սկսվում է այդ լեզվով Քաթար, իսկ իրականում՝ Կղատար պետության անունը: Կղատարագնաց կնշանակի Կղատար գնացած, այն որևէ առնչություն չունի говновоз բառի հետ։ Սա՝ իմիջիայլոց»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել