Վերջին շաբաթներին դոլարի փոխարժեքի անկումն ու հայկական դրամի արձանագրվող արժևորումը ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք են։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհուրդը։
«Տեղի ունեցողը գաղութային մետրոպոլիայի` Ռուսաստանի, իր գաղութ հանդիսացող Հայաստանի տնտեսության և հայ ժողովրդի դրամական միջոցների հաշվին` երկրի կեղեքում և սեփական տնտեսական փրկօղակների ստեղծում է։
Ըստ կանխատեսումների` առաջիկայում դրամն է՛լ ավելի է արժևորվելու, իսկ դոլարն է՛լ ավելի է անկում արձանագրելու։ Սա նշանակում է, որ հայկական առանց այդ էլ գրեթե անգո արտադրանքը դառնում է բացարձակապես անմրցունակ, իսկ քաղաքացիների գնողունակությունն աննախադեպորեն կրճատվում է։ Անարժեք են դառնում նաև Արևմուտքից Հայաստանի իրենց ընտանիքներին ուղարկվող արտաքին փոխանցում-տրանսֆերները, որոնք հանդիսանում են հազարավոր ընտանիքների ֆինանսական գոյության միակ գրավականը։
Մոսկվան սա անում է` հայկական դրամը կապելով այլևս ոչինչ չարժեցող և ռուսական ծիրից դուրս լիովին անպիտան ռուսական ռուբլուն, իսկ Հայաստանից ամբողջությամբ արտահանում է այլևս էժան դոլարը` սպասարկելու համար իր արտաքին գործարքները։ Բացի դրանից` ըստ գաղութարար թշնամու տրամաբանության` ստեղծվող իրավիճակի արդյունքում Հայաստանի տնտեսական անհուսալի վիճակը երկիրն ու ժողովրդին առավել կառավարելի և սակարկելի է դարձնելու` առաջիկայում սպասվող ռուս-թուրքական տնտեսական կլանման համար։
Հայաստանն, այսպիսով ենթարկվում է դասական և դաժանագույն գաղութային կեղեքման։ Ինչպես նաև` տնտեսական հարձակման։ Տնտեսական այս ահռելի պատերազմական գործողությունը Հայաստանի դեմ է՛լ ավելի է ծնկի բերելու Հայաստանի պարզ քաղաքացուն, մանր ու միջին տնտեսվարողին և արդար քրտինքով աշխատող երկրագործին։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը ևս մեկ անգամ կոչ է անում հայ ժողովրդին արթնանալու և կանխելու հասունացող հիմա արդեն տնտեսական արհավիրքը։
Պասիվությունն ու ճակատագրապաշտությունը չեն կասեցնելու երկրի արտաքին և ներքին թալանն ու արդյունքում թշնամուն հանձնումը, որ արտաքին գաղութարար թշնամին` իր խամաճիկ գաղութային վարչախմբի ձեռքերով իրականացնում է Հայաստանում։
Դրամի արժևորումն ու դոլարի արժեզրկումը Հայաստանի պետության մնացորդներն ու հայ ժողովրդի արագ ոչնչացման ծրագրի մաս են։
Այդ գործողություններն ու ծրագիրը պետք է արժանանան հայ ժողովրդի հատու արձագանքին»,-նշվում է հայտարարության մեջ։