Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը հանգեցնում է վարչական պատասխանատվության:
Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի, այսինք 3 հազար դրամի չափով:
Հետիոտների կողմից ճանապարհով (այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով) շարժվելու կարգը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի, այսինքն 5 հազար դրամի չափով:
Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի, այսինքն 5 հազար դրամի չափով:
Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը վարելու կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի, այսինքն 5 հազար դրամի չափով:
Վերը նշված արարքներ կատարելը, որոնք ստեղծել են վթարային իրադրություն, ենթակա են տուգանքի նշանակման՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի, այսինքն 10 հազար դրամի չափով:
Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի, այսինքն 20 հազար դրամի չափով: