Տուգանման բալային համակարգը չի հանվի. ԱԺ-ն չընդունեց ընդդիմության նախագիծը

Ազգային ժողովը չընդունեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում կիրառվող տուգանման բալային համակարգը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 42 կողմ, 46 դեմ ձայներ:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Ազգային ժողովում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ առաջին ընթերցմամբ։

Խմբակցությունն առաջարկում է վերացնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարելու դեպքում բալերի տեսքով տուգանքը։

Գեղամ Մանուկյանը նշեց, որ հիմնական ելակետն այն է, որ ոչ թե վիճարկվում է բալային համակարգով տուգանքների արդյունավետությունը, ոչ՝ տուգանքների բարձր կամ ցածր լինելը, այլ այն, որ նախագծի ներկայացման հիմնական դրդապատճառը Սահմանադրությունն է, քանի որ այն հակասում է Սահմանադրությանը։

Նրա խոսքով՝ բալային համակարգի ներդրման պայմաններում ՀՀ ճանապարհներին շատ ավելի քաղաքացիներ են զոհվել։

«Այս օրենքի նախագծի ևս մեկ կարևոր տարր կա, խոսքը քաղաքական տարրի մասին է։ Այսօրվա իշխանությունը 2018-ին իշխանության եկավ մի քանի թեզերով՝ արագաչափերը շատ են, տեսախցիկները շատ են, դրանք պետք է վերանան։ Արագաչափերը 3-4 տարվա ընթացքում ոչ թե վերացան, այլ՝ շատացա, տեսախցիկները ոչ թե պակասեցին, այլ՝ ավելացան, վերջապես այն թեզը, որ կառավարությունում հնչես դեռ 2018 թվականին, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, նաև այդ բալային համակարգի ներդրմամբ դարձավ շատ ավելի տուգանքի մատերիալ, որին և՛ տուգանում են, և՛ բալերից զրկելով հետո զրկում են մեքենա վարելու իրավունքից»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել