Ինչպե՞ս է կատարվում մեղադրանքի պաշտպանությունը դատարանում

Ըստ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի՝ մեղադրանքի պաշտպանությունը դատարանում, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազը, բացառությամբ, երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը: Բացառիկ դեպքերում մեղադրանքը պաշտպանող դատախազի դատավարական լիազորությունների իրականացմանը վերադաս դատախազն իրավունք ունի ներգրավելու նաև այլ մեղադրողների: Մեղադրանքը պաշտպանող դատախազի մասնակցությունը պարտադիր է առաջին ատյանի և վերաքննիչ դատարանում գործի քննությանը, այդ թվում` նախնական լսումներին:

Դատարանում մեղադրանք պաշտպանող դատախազը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում պարտավոր է հրաժարվել մեղադրանքից: Դատարանում մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ: Ինչպես նաև, եթե առաջին ատյանի դատարանում մեղադրողը գտնում է, որ մեղադրանքը ենթակա է մեղմացման կամ խստացման, քանի որ դատական քննության ժամանակ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չէին մինչդատական վարույթում, դատախազն իրավունք ունի միջնորդություն ներկայացնելու դատարան` արարքը վերաորակելու նպատակով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիստը` անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար:

Նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան 1 ամսով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար ողջամտորեն պահանջվում է ավելի երկար ժամկետ: Ամբաստանյալի կամ նրա պաշտպանի, տուժողի կամ նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանը պարտավոր է հետաձգել նիստը` նոր մեղադրանքին ծանոթանալու համար ժամկետ տրամադրելու նպատակով:

Մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաև` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են այն մասին, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է:

Քրեական դատավարության օրենսգրքի 3091 -րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով առաջարկություն ստանալիս գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը կայացնում է որոշում մեղադրական եզրակացությունը վերահաստատելու վերաբերյալ և ներկայացնում դատարան կամ անում նույն օրենքի 3091 -րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված միջնորդություններից որևէ մեկը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել